Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի «Գերմանիա-Հարավային Կովկաս» խորհրդարանական խմբի նախագահ Վոլֆգանգ Բյորնզենին:
Ինչպես հայտնում է ՀՀ նախագահի աշխատակազմի լրատվական ծառայթյունը, հանրապետության ղեկավարը կարևորել է խորհրդարանական ձևաչափով այցելությունները՝ որպես բարեկամ երկրների և ժողովուրդների միջև փոխճանաչողության բարձրացմանն ու բարեկամության ամրապնդմանն ուղղված քայլ:
Նման այցելությունները, Նախագահի համոզմամբ, նպաստում են նաև միջազգային ասպարեզում Հարավային Կովկասի մասին օբյեկտիվ իրազեկվածության մակարդակի բարձրացմանը:
Հանդիպմանը երկուստեք ընդգծվել է, որ հայ-գերմանական քաղաքական երկխոսությունը և բազմաբնույթ համագործակցությունը երկկողմ հարաբերությունները շարունակաբար զարգացնելու լայն հնարավորություններ են ստեղծում: Բունդեսթագի «Գերմանիա-Հարավային Կովկաս» խորհրդարանական խմբի նախագահ Վոլֆգանգ Բյորնզենը նշել է, որ իր գործընկերների հետ այսուհետ ևս ջանքեր կգործադրի ամենատարբեր ոլորտներում Հայաստանի և Գերմանիայի միջև փոխգործակցությունը խթանելու և Հայաստանի զարգացմանը նպաստելու ուղղությամբ:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային խնդիրների և մարտահրավերների շուրջ:





