Հայաստանը կատարում է Եվրախորհրդի առաջ ստանձնած բոլոր պարտավորությունները համաձայն սահմանված ժամանակացույցի, հայտարարել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյան, տեղեկացրել է ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունը: Աղբյուրի համաձայն` նախօրեին Ա.Բաղդասարյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովենիայի արտգործնախարար Դիմիտրի Ռուպելին: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում իրականացվող օրենսդրական բարեփոխումներին առնչվող հարցեր: Արթուր Բաղդասարյանը տեղեկացրել է հյուրին, որ Հայաստանի խորհրդարանում ստեղծվել է հատուկ աշխատանքային խումբ, որի հիմնական նպատակն է` ՀՀ օրենսդրությունը համապատասխանացնել եվրոպական չափանիշներին: ԵԱՀԿ նախագահը գոհունակություն է հայտնել կատարված աշխատանքի առնչությամբ եւ նշել, որ բոլոր օրենսդրական բարեփոխումները պետք է իրականացվեն միջազգային չափանիշներին համապատասխան: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են, մասնավորապես, Սահմանադրության, Ընտրական օրենսգրքի բարեփոխումներին, ինչպես նաեւ տեղական ինքնկառավարման եւ դատական համարգի մարմինների ձեւավորմանն առնչվող հարցեր: Սահմանադրական բարեփոխումների ոլորտում կարեւորվել են չորս հիմնական խնդիրներ` մարդու իրավունքների պաշտպանությունը, իշխանության երեք թեւերի միջեւ հավասարակշռության հաստատումը, դատական իշխանության անկախության ապահովումը, տեղական ինքնակառավարման համակարգի բարեփոխումները: Ա.Բաղդասարյանը նշել է ԵԱՀԿ եւ ԵԽԽՎ փորձագետների դերը բարեփոխումների իրականացման գործում: Կողմերը քննարկել են նաեւ Հայաստանի եւ Սլովենիայի միջեւ երկկողմ հարաբերությունների զարգացման խնդիրները, ինչպես նաեւ Սլովենիայի աջակցությունը` «Ընդլայնված Եվրոպա. նոր հարեւաններ» ծրագրի շրջանակներում համագործակցությունը զարգացնելու առումով:





