Լեզվի ապագան կանխատեսելը հավասարազոր է հասարակության ապագայի կանխատեսմանը: Այսօր Երևանում կայացած մամլո ասուլիսում նման կարծիք հայտնեց համաշխարհային հռչակ վայելող հեղինակավոր լեզվաբան, պրոֆեսոր Դեյվիդ Քրիսթլը: «Ճիշտ է, ես լեզվաբան եմ, բայց դա չի նշանակում, որ կարող եմ կանխագուշակել լեզվի ապագան: Դա անհնար է: 20 տարի առաջ մենք չէինք կարող պատկերացնել, որ կլինի ինտերնետ կամ որ Չինաստանի բնակչությունը կհատի 1 միլիարդ 300 միլիոնի սահմանը: Նույնն էլ ցանկացած լեզվի պարագայում է՚ դրա փոխակերպումները դժվար է կանխատեսել»,- նշեց նա:
Պատասխանելով PanARMENIAN.Net-ի թղթակցի այն հարցին, թե որքանով է անգլերենը ներկայումս գրավել համաշխարհային լեզվի տեղը, որը ժամանակին միջազգային կիրառման նպատակով հատուկ մշակված էսպերանտոյին պետք է պատկաներ, պրոֆեսորը նշեց, որ անգլերենն իսկապես համաշխարհային լեզու է դարձել պատմական, քաղաքական, տնտեսական, մշակութային և այլ գործոնների արդյունքում, գլոբալիզացիայի հետևանքով: «Էսպերանտոն իսկապես լավ գաղափար էր, և ժամանակին մեծ թվով մարդիկ ջանասիրաբար սովորեցին այդ լեզուն, բայց ժամանակը ցույց տվեց, որ այդ լեզվի համար նախատեսված տեղը գրավեց անգլերենը: Այսօր շուրջ 15 միլիոն մարդ խոսում է այդ լեզվով, սակայն համաշխարհային լեզու դառնալու հեռանկարներ էսպերանտոն այլևս չունի»,- ասաց Քրիսթլը` հավելելով, որ 100 տարի հետո, գուցե, իրավիճակն առանձնապես չփոխվի, բայց դժվար է կանխատեսել, թե 1000 տարի հետո որ լեզուն կգերիշխի աշխարհում:





