Հայերի անգլերենի իմացության մակարդակն իսկապես գոհացնող է: Այդ մասին այսօր Երևանում կայացած մամլո ասուլիսում ասաց համաշխարհային հռչակ վայելող հեղինակավոր լեզվաբան, պրոֆեսոր Դեյվիդ Քրիսթլը` կիսվելով հոկտեմբերի 7-ից Երևանում գտնվելու ընթացքում իր տպավորությունների մասին: «Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի ուսանողները բեմադել են իմ «Living on» պիեսը, որը բավական բարդ լեզվով է գրված և Բրիտանիայի սահմաններից դուրս բեմադրվել է երկու կամ երեք այլ վայրերում: Ես ողջունում եմ այդ նախաձեռնությունը և գնահատում ուսանողների ջանասիրությունը»,- նշեց նա:
Պրոֆեսորն ասաց, որ վաղուց ցանկություն ուներ գալու Հայաստան, քանի որ որպես լեզվաբան հետաքրքրված է հնդեվրոպական լեզվաընտանիքի առանձին ճյուղ կազմող հայերենով, իսկ որպես կաթոլիկ` քրիստոնեությունն առաջինը ընդունած երկրով: «Ինքս գերազանց գիտեմ միայն մեկ լեզու` Ուելսի անգլերենը, որտեղից ծնունդով եմ: Գիտեմ նաև մի քանի այլ լեզուներ, բայց այնքան, որքան հարկավոր է տարրական հաղորդակցության համար: Աշխարհում շուրջ 6000 լեզու կա, և ես կցանկանայի սովորել դրանցից յուրաքանչյուրը: Ես միշտ ուզում եմ սովորել այն լեզուն, որը հաջորդն է»,- ասաց Քրիսթլը` հավելելով, որ լեզու սովորելու հեշտ եղանակ չկա. կարևորը` ծանոթանալ լեզվի բարդություններին և կամակորություններին, և այդժամ ամեն ինչ կստացվի:





