AM
8 Հոկտեմբեր 2012 - 12:49 AMT

Ի՞նչ կլինի, եթե մի անգամ էլ մենք մեր հարևաններին բաժանենք՝ ոչ թե տիրելու, այլ խաղաղ ապրելու համար

Միջազգային գիտաժողովի ժամանակ մասնակիցների մի խմբի խոսակցություն ակաջովս ընկավ: Թուրքական արտասանություն լսեցի: Նրանց սեղանին էլ Ադրբեջանի դրոշով գիրք տեսա: Մտածեցի՝ կամ Թուրքիայից են, կամ էլ ինչ-որ գերբնական ուժով Ադրբեջանից: Տեղնուտեղը որոշեցի, որ հենց նրանցից էլ կվերցնեմ մասնակիցների հետ նախատեսածս հարցազրուցը: Հարմար պահին էի սպասում: Գտա: Մոտեցա: Արձագանքեցին ռուսերենին: Համաձայնեցին ու քննարկելուց հետո համարձակվեցին իրենցից մեկին ինձ հետ դահլիճից դուրս թողնել:

Այ քեզ հիասթափություն: Պարզվեց` զրուցակիցս բարեհամբույր դաղստանցի ազգագրագետ է և լրագրող: Բայց հիասթափությունս երկար չտևեց: Արդեն երկրորդ հարցից Շահգան Կապիզովը պատմեց.

«Իմ ազգակիցներն ապրում են նաև Հարավային Կովկասում: Հիմնականում` Ադրբեջանում և Վրաստանում: Հայաստանում՝ միայն մի քանի ընտանիք: Խնդիրներ լինում են Ադրբեջանում: Այնտեղ իմ ազգակիցները մայրենի լեզուն սովորելու և կիրառելու, մշակույթը պահպանելու, տնտեսական գործունեություն ծավալելու հնարավորություն գրեթե չունեն: 2011-ին, երբ մեր երիտասարդները դուրս եկան փողոցներ՝ գոնե ցույցերի միջոցով ինչ-որ բանի հասնելու նպատակով, ադրբեջանական ոստիկանության հետ բախումներ եղան, 26 երիտասարդ ձերբակալվեց»:

Ազգային փոքրամասնությունների այս ներկայացուցիչները պատճառներ ունեն մեզ ինչ-ինչ հարցերում օգնելու համար:

Ամիսներ առաջ էլ քրդական նովրուզը լուսաբանելիս տոնական նյութիս ավելացրեցի նաև Ռոյթերսի տարածած տեղեկությունն այն մասին, որ Թուրքիայում ջրցան մեքենաներով ցրում են մի քանի տասնյակ քրդերի, որ հավաքվել էին Ստամբուլի հրապարակներից մեկում՝ տոնելու: Գոնե այդ օրն ու այդտեղ քրդերը ոչինչ չէին ուզում պայթեցնել, ուղղակի քուրդ էին:

Ազգային փոքրամասնությունները թե Ադրբեջանում, թե Թուրքիայում կոկորդին կանգնած փուշ են: Փշերից մեկը: Իսկ մեզ համար՝ պոտենցիալ աջակից:

Ներսի այս գարշապարը որոշակիորեն նույն դրսևորումն ունի նաև այս երկուսի արտաքին հարաբերություններում: Թուրքական պետությունները հեռուն գնացող ռազմավարական նպատակներ ունեն, որոնք ոչ միշտ են մի հունով ընթանում: Ապացույցը՝ Ադրբեջանն ընդդիմանում է իր տարածքում չափազանց շատ թուրքական ներկայությանը: Նույնիսկ օրենք ընդունեցին ու սահմանափակեցին, օրինակ, թուրքական շինարարական ընկերությունների գործունեությունը: Թուրքերն էլ ադրբեջանական ավելի էժան աշխատուժից են ներղվում:

Չնայած Թուրքիան, կարծես թե, վերջնական «կռված» է Իսրայելի հետ, բայց Թուրքիայի փոքր եղբայրը շարունակում է այդ երկրի հետ բարեկամությունը: Դեռ տարիներ առաջ Ալիևն Իսրայելի հետ հարաբերությունները բնորոշել է որպես այսբերգ, որի հիմնական հատվածը գտնվում է ջրի տակ: Թուրքիայում հաստատ հետևություններ են անում:

Ռազմական փորձագետ Դավիթ Ափինյանի խոսքով` թուրքերն ու ադրբեջանցիները գեներով են կապված, բայց նույնը չեն: Եթե թուրքերը չմեղմացնեն ձուլելու գործընթացը, Ադրբեջանը կընդդիմանա ու եղբայրության վերջը կգա:

Ամենամեծ թշնամին մի ժամանակ ընկեր է եղել: Ոչինչ հավերժական չէ: Պայմաններ կան, կայծ է պետք ավելացնել՝ հանգիստ… դիվանագիտորեն…առանց շտապելու: Ռազմական փորձագետն ասում է. «Դժվարությամբ, բայց հնարավոր է հաջողվի»:

Մեզ միշտ բաժանելով են հաղթել: Ի՞նչ կլինի, եթե հիմա էլ մենք նրանց բաժանենք` իրարից ու ներսից: Նավթից ավելի խելքադոլլարների արժեքն է: Թուրքրիային ու Ադրբեջանին պառակտելու համար ուրիշ հազար միջոց էլ կա: Դիվանագետները, թուրքագետները կամ ինձնից փորձառու լրագրողները նրանց եղբայրության մեզ հարկավոր ճեղքը հաստատ կգտնեն: Իսկ եղբայր չունեցող Ադրբեջանը հաստատ նույնը չի լինի: Մենք էլ խաղաղ կապրենք: