AM
8 Հոկտեմբեր 2012 - 16:22 AMT

Սերժ Սարգսյանը շնորհավորել է Աբել Աղանբեկյանին՝ ծննդյան 80-ամյակի առթիվ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի իսկական անդամ Աբել Աղանբեկյանին՝ ծննդյան 80-ամյակի առթիվ:

Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Հարգելի Աբել Աղանբեկյան, Սրտանց շնորհավորում եմ Ձեզ՝ 80-ամյա հոբելյանի առթիվ:

Ձեր կյանքի ուղին բացառիկ տաղանդի և շռայլ ոգու տեր մարդու ուղի է: Դուք ձեռք եք բերել անառարկելի հեղինակություն` երկարամյա գիտական, մանկավարժական, կազմակերպչական և քաղաքական գործունեության, ամենաանբարենպաստ պայմաններում անգամ ճշմարտությունը, սեփական հայացքներն ու դիրքորոշումները մինչև վերջ պաշտպանելու ունակության շնորհիվ: Ձեր անվան հետ են ասոցացվում խորհրդային տնտեսագիտության զարգացման գործում պատկառելի մասնագիտական փորձը, խորը գիտելիքները, կորովն ու խանդավառությունը, այն ժամանակ դեռևս միասնական երկիրը բարեփոխելու և փրկելու փորձերը:

Ձեր ճշմարտացի խոսքը արձագանք էր գտնում ամբողջ աշխարհում ու մեր հարազատ Արցախում, և մենք մշտապես հպարտացել ենք Ձեր հաջողություններով ու ձեռքբերումներով:

Սրտանց ցանկանում եմ Ձեզ, հարգելի պարոն Աղանբեկյան, քաջառողջություն և բարեկեցություն՝ ի բարօրություն Ձեր ընտանիքի»: