«Տաղանդավոր Սերունդ» մանկապատանեկան, երիտասարդական ՀԿ-ն խախտումներ է հայտնաբերել սեպտեմբերի 30-ին կայացած «Մանկական Եվրատեսիլ 2012» երգի մրցույթի հայաստանյան եզրափակիչ փուլում: Ինչպես այսօր Երևանում կայացած մամլո ասուլիսում նշեց հասարակական կազմակերպության նախագահ Միքայել Մարգարյանը, խախտումներ են գրանցվել նաև եվրատեսիլյան նախորդ նախընտրական փուլերի ժամանակ, իսկ այս տարի խախտումները սկսվեցին արդեն իսկ հայտերն ուսումնասիրելու պահից: «Փոխարենը մանրամասն ուսումնասիրվեր մասնակիցների եվրատեսիլյան կանոններին համապատասխանությունը, ադմինիստրատիվ խումբը իր վրա էր վերցրել ժյուրիի պարտականություն և լավ ու վատ երգերի ու երգիչների ընտրություն էր կատարում: Դրա հետևանքով նախընտրական փուլին մասնակցելու հնարավորությունից զրկվեցին մի շարք տաղանդավոր երեխաներ և խմբեր: Սակայն, բողոքների ու հետևողական պայքարի արդյունքում մի քանիսը ի վերջո ընդգրկվեցին արդեն իսկ հայտարարված վերջնական ցուցակում»,- տեղեկացրեց նա:
Դրա հետ մեկտեղ Միքայել Մարգարյանը ուշադրություն հրավիրեց այն փաստին, որ ուղիղ եթերով նախընտրական փուլի հեռարձակումը 19:30-ի փոխարեն սկսվեց 19:00-ին: «Դրա արդյունքում 7-8 մասնակից զրկվեց հեռուստադիտողի գնահատականից, որ իրականացվում է կարճ հաղորդագրությունների միջոցով, քանի որ քվեարկությունը սկսվում է անմիջապես առաջին ելույթից: Ըստ Եվրատեսիլյան կանոնների, կարճ հաղորդագրություններով հավաքած միավորնեը ժյուրիի հավասար գնահատականի դեպքում ունեն առավելություն»,- նշեց նա` օրինակ բերելով, որ այս տարի Բելգիայում կայացած նախընտրականի կիսաեզրափակչի արդյունքները համարվել են չեղյալ հեռարձակումը ընդամենը 15 րոպե շուտ սկսելու պատճառով, և քաղաքացիներին փոխհատուցվել են կարճ հաղորդագրությունների վրա ծախսված գումարները:
Ուստի ՀԿ նախագահը հայտարարել է, որ կազմակերպությունը պահանջում է հրատապ կերպով չեղյալ համարել ընտրության արդյունքները և կազմակերպել նոր ընտրություն` ժյուրիի բաց քվեարկությամբ, ինչպես նաև քաղաքացիներին փոխհատուցել կարճ հաղորդագրությունների վրա ապարդյուն ծախսված գումարները:





