AM
9 Հոկտեմբեր 2012 - 15:13 AMT

Արտակարգ իրավիճակների հետևանքով պատճառված վնասներն այսուհետ կգնահատի հանրապետական հանձնաժողովը

Այսօր ՀՀ ԱԻ նախարարությունում տեղի է ունեցել արտակարգ իրավիճակների հետևանքով ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված վնասները գնահատող հանրապետական հանձնաժողովի անդրանիկ նիստը։ Այս մասին PanARMENAIN.Net-ին տեղեկացնում է նախարարության մամուլի ծառայությունից:

Նիստին ներկա են եղել պետական գրեթե բոլոր գերատեսչությունների ղեկավար կազմի ներկայացուցիչներ։ Արտակարգ իրավիճակների հետևանքով հասցված վնասների վերլուծությունը ցույց է տվել, որ դեպքերի թիվն ու հասցված վնասի չափը տարեցտարի ավելանում է: ԱԻ նախարարությունում տարբեր ոլորտներից ստացվող տեղեկություններ թույլ չեն տալիս հստակ պատկերացում ունենալ այդ վնասների թե´ ֆիզիկական, թե´ գումարային չափերի մասին:

«Մենք պիտի փորձենք կանոնակարգել այս դաշտը, քանի որ ներկայումս վնասները գնահատելու համար տարբեր ոլորտներում կիրառվում են տարբեր մեթոդներ ու չափանիշներ», – ասել է հանձնաժողովի նախագահ, ԱԻ նախարար Արմեն Երիցյանը: Հանրապետական հանձնաժողովից բացի` ստեղծվել են նաև մարզային և համայնքային հանձնաժողովներ։

Ծավալված քննարկման արդյունքում` բոլոր գերատեսչությունները պետք է ներկայացնեն իրենց ենթակա ոլորտներում կիրառվող չափանիշները և մեթոդները, որոնք կլրամշակվեն ու հիմք կհանդիսանան հանձնաժողովի կողմից վնասի վերաբերյալ եզրակացություն տալու համար։