«Ժողովուրդ» օրաթերթը գրում է, որ Գյումրու կենտրոնական հատվածում` Ռուսթավելու փողոցում գտնվող Սուրբ Նշան եկեղեցու հարակից տարածքը 2 ամսից ավելի ողողված է աղբով: Համատարած գարշահոտությունից և հակահիգիենիկ վիճակից զատ, աղբի այսչափ առատությունը նպաստում է առնետների բազմացմանը: Տարածքի բնակիչները բազմաթիվ դիմում-բողոքներ են ներկայացրել քաղաքապետարան, բայց արձագանքներ դեռ չկան: Բնակիչները նշում են, որ կենցաղային աղբը թափվում է, բայց շինարարական աղբն այդպես էլ մնում է, ինչից ելնելով էլ` ատիպված են եղել օրեր առաջ աղբն այրել:
«Ի՞նչ անեինք, տեսանք` աղբը թափող չկա, վառեցինք: Մենք ենք էդ տարածքով անցնողը, մենք ենք էս գարշահոտությունը շնչողը»,-ասաց տարածքի բնակիչներից տիկին Անահիտը:
Տարածքում աղբամաններ կան, բայց հաճախ աղբ լինում է ոչ միայն աղբամաններում, այլև դրանց շուրջբոլորը: Կուտայված աղբի կողքով է հոսում Գյումրի գետակը: Հենց այդ տարածքում` մի փոքր հատվածում, այն բաց է ու աղբամաններից թափվող աղբը լցվում է գետակը: «Խնդրի մասին տեղյակ պահեցինք տարածքի աղբահանությամբ զբաղվող «Եղիկյան եղբայրներ» ՍՊԸ-ի տնօրեն Արթուր Մկրտչյանին, որը մեր հեռախոսազանգից փոքր-ինչ զայրացավ, ու առաջարկեց զբաղվել երկրից հեռացող մարդկանց խնդիրներով և ոչ թե տվյալ տարածքի աղբով: Մեզ մնում է հարգարժան աղբահավաքին բացատրել, որ եթե մեր երկրում յուրաքանչյուրն իր գործը բարեխղճորեն կատարի, մարդիկ այլևս չեն հեռանա Հայաստանից»,-մեկնաբանում է թերթը:





