ՀՀ Գլխավոր դատախազությունից հայտնում են, որ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը հիմնավորված է համարել հանրապետության տարբեր մարզերում և Երևան քաղաքի տարբեր վարչական շրջաններում նախնական համաձայնությամբ շուրջ 18 դրվագով գողություն կատարելու համար թվով 6 անձանց առաջադրված մեղադրանքը:
Դատարանում հետազոտված և հիմնավոր համարված ապացույցների համաձայն` Ա. Բոզոյանը, Գ. Ալպեևը, Գ. Բոզոյանը, Ի. Սերոբյանը, Ռ. Գրիգորյանը և Վ. Աղաջանյանը 2009թ.` տարբեր ժամանակահատվածներում, կատարել են գողություններ, որոնցից 6-ը` խանութներից, 3-ը` գործարաններից, 3-ը` շինհրապարակներից, իսկ 6-ը` տարբեր անձանց պատկանող շինտեխնիկայից:
Հիշյալ անձինք ինչպես միասին, այնպես էլ առանձին-առանձին ապօրինի մուտք են գործել խանութ-պահեստների, հագուստի խանութների, տարբեր գործարանների, ավտոլվացման կետերի և շինարարական տարածքներ` հափշտակելով խոշոր չափերով տարատեսակ գույք:
Հափշտակված գույքը Ա. Բոզոյանը, Գ. Ալպեևը, Գ. Բոզոյանը, Ի. Սերոբյանը, Ռ. Գրիգորյանը և Վ. Աղաջանյանը վաճառել են, իսկ վաճառքից գոյացած գումարը տնօրինել են անձնական կարիքների համար:





