AM
10 Հոկտեմբեր 2012 - 09:31 AMT

Ամփոփվեցին հայկական գրադարանների միջազգային երկրորդ համաժողովի աշխատանքները

2012 թ. Հայ գրատպության 500-ամյակի և «Երևանը 2012 թ. գրքի համաշխարհային մայրաքաղաք» ծրագրի շրջանակներում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ կազմակերպվեց և 2012 թ. հոկտեմբերի 5-6-ը անցկացվեց «Անցյալի պահպանություն` հանուն ապագայի» հայկական գրադարանների միջազգային երկրորդ համաժողովը:

Ինչպես հայտնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լրատվական ծառայությւոնը, համաժողովը արձանագրեց դրական տեղաշարժերը, որ տեղի են ունեցել հայկական գրադարանների առաջին համաժողովից հետո, արձանագրեց, որ գրադարանային հավաքածուների թվայնացման ուղղությամբ կատարվել է զգալի աշխատանք. ձևավորվել է.

ա. հայերեն հնատիպ գրքի համահավաք շտեմարանը,

բ. Հայաստանի գրադարանների համահավաք էլեկտրոնային գրացուցակը,

գ. հայկական գիտատեղեկատվական հանգույցը: Դրանք առ 2012 թ. հոկտեմբերի 1 պարունակում են 800.000-ից ավելի գրառում և 500.000-ից ավելի թվայնացված էջ:

Գործադիր մարմինը կմշակի համագումարի կանոնադրությունը և մինչև 2013 թ. մարտի 1-ը կներկայացնի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին ու ՀՀ մշակույթի նախարարություն:

Համաժողովը որոշեց գրադարանավարների համահայկական համաժողով հրավիրել երկամյա պարբերականությամբ, Թարգմանչաց տոնին` հոկտեմբերի երկրորդ շաբաթ օրը: