AM
10 Հոկտեմբեր 2012 - 12:09 AMT

Երևանում մեկնարկել է կոոպերատիվների զարգացմանը նվիրված խորհրդաժողով

Այսօր Երևանում մեկնարկեց «Նպաստել կոոպերատիվների գաղափարի ընկալմանը ` Հայաստանի գյուղատնտեսության զարգացման նպատակով» միջազգային խորհրդաժողովը: Կազմակերպիչները Ագրոբիզնեսի հետազոտությունների և կրթության միջազգային կենտրոն հիմնադրամը, Կոպերատիվ և սոցիալական ձեռնարկությունների եվրոպական հետազոտական ինստիտուտը, Միավորված ազգերի զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակը և ՀՀ գյուղատնտեսության նախարարությունն են, հայտնում է գոյւղնախարարության մամլո ծառայությունը:

Հայաստանյան մասնագետներից, փորձագետներից և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներից բացի խորհրդաժողովի աշխատանքներին մասնակցում են նաև կոոպերատիվների բնագավառում միջազգայրին ճանաչում ունեցող փորձագետներ Իտալիայից և Իսպանիայից:

Ողջունելով մասնակիցներին և նրանց մաղթելով արդյունավետ աշխատանք ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը մասնավորապես նշեց . «Գյուղատնտեսության նախարարությունն ոլորտում կիրառվող քաղաքականության կարևորագույն բաղադրիչներից է համարում կոոպերացիայի խթանման քաղաքականությունը, և դրա դրսևորումներից է այն, որ 2012 թվականի համար կառավարության կողմից հաստատված գյուղատնտեսության նախարարության գերակա խնդիրների շարքում ընդգրկված է գյուղական համայնքներում գյուղատնտեսական կոոպերատիվների ստեղծում, ինչպես նաև ընթացիկ տարվա կառավարության գործունեության միջոցառումների ծրագրում ներառված է գյուղատնտեսական կոոպերացիայի միջազգային փորձի ուսումնասիրումը և դրա կիրառման հնարավորությունների օգտագործումը»:

Կարևորելով խորհրդաժողովի նշանակությունը Հայաստանի գյուղատնտեսության զարգացմանն այնքան անհրաժեշտ գյուղատնտեսական կոոպերացիայի համակարգի ձևավորման գործում, ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը նախօրեին ընդունեց նաև խորհրդակցության կապակցությամբ Հայաստան ժամանած փորձագետներ դոկտոր Ջուլիա Գալերանին (Իտալիա) և Իսպանիայի Ալմերիայի համալսարանի պրոֆեսոր Սինտիա Ջիագնոկավոնին:

Հյուրերի խնդրանքով նախարարը ներկայացրեց Հայաստանի գյուղատնտեսության ներկա իրավիճակը և գյուղատնտեսական կոոպերատիվների ստեղծման ուղղությամբ Հայաստանում իրականացվող աշխատանքները: «Խորհրդաժողովի թեման և միջազգային ձևաչափը լրացուցիչ հնչեղություն են ստանում ՄԱԿ-ի կողմից 2012 թվականը կոոպերատիվների միջազգային տարի հայտարարելու իրողության խորապատկերին»,- նշեց նա:

Ընդառաջելով նախարարի առաջարկին, հյուրերը պատրաստակամություն հայտնեցին առավել մանրամասն տեղեկատվություն ներկայացնել կոոպերատիվների ստեղծման օրենսդրության և այլ նյութերի մասին և սերտորեն համագործակցել ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ Հայաստանում կոոպերատիվների զարգացման աշխատանքների իրականացման դաշտում: