AM
10 Հոկտեմբեր 2012 - 14:50 AMT

ՄԻՊ –ը դիմել է սոցապ նախարարին` միակողմանի ծնողազուրկ երեխաների կրթաթոշակների հարցով

Արդեն մեկ ամիս է, ինչ մահացած կերակրողի՝ 18 տարին լրացած և հանրակրթական ուսումնական հաստատությունում սովորող զավակները խոչընդոտների են հանդիպում իրենց հասանելիք կենսաթոշակը ստանալիս: ՄԻՊ գրասենյակ դիմումներ են ներկայացվել նաև այն մասին, որ հուլիսի մեկից ամբողջ արձակուրդի ընթացքում դադարեցվում է կրթաթոշակի վճարումը:

Կերակրողին կորցնելու դեպքում աշխատանքային կենսաթոշակ նշանակելու համար, անհրաժեշտության դեպքում, ներկայացվում են առկա ուսուցմամբ սովորելու մասին տեղեկանքը, որում նշվում են կազմակերպության անվանումը, տեղեկանքը տալու օրը, ամիսը, տարեթիվը, ուսանողի կամ աշակերտի անունը, ազգանունը, հայրանունը, ուսումնական հաստատություն ընդունելու կամ հաջորդ կուրս կամ դասարան փոխադրելու հրամանի համարը (իսկ նախկինում եղել է միայն առկա ուսուցմամբ սովորելու մասին տեղեկանք): Այսինքն, ներկայումս պահանջվող տեղեկանքում ուսումնական հաստատության կողմից պետք է հաստատվի ուսանողի` հաջորդ կուրս փոխադրվելու փաստը:

Քաղաքացիների տեղեկացմամբ, ուսումնական հաստատությունները շարունակում են տրամադրել նախկին ձևի տեղեկանք, ինչն էլ ավելորդ քաշքշուկ և ձգձգումներ է առաջացնում կենսաթոշակի վճարման համար, միաժամանակ խոչընդոտում ուսանող կենսաթոշակառուների ուսումնառությանը:

ՄԻՊ գրասենյակի աշխատակազմի իրավապաշտպան Տաթևիկ Թոխյանը PanARMENIAN.Net- ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ իրենք գրասենյակ բողոք ներկայացնողներին տեղեկացնում են, որ օրենքի խախտում չկա.

«Պատճառը կենսաթոշակային օրենսդրության մեջ կատարված լրացումներն ու փոփոխություններն են: Պաշտպանն արդեն առաջարկով դիմել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին, որպեսզի միջոցներ ձեռնարկվեն օրենսդրական պահանջների փոփոխությունների մասին հանրակրթական ուսումնական հաստատություններին իրազեկման ուղղությամբ»: