2012թ հոկտեմբերի 7-9-ը բնապահպանության նախարարությունը կազմել է թույլատրված բնապահպանական օրենսդրության խախտումների վերաբերյալ 1 մլն 168 հազար դրամ վնասի հատուցման և 500 հազար դրամի վարչական տուգանքի վարույթ: Այս մասին PanARMENIAN.Net-ին տեղեկացնում են նախարարության մամուլի ծառայությունից :
Նախարար Արամ Հարությունյանի 2012թ. հոկտեմբերի 5-ի հրամանով ապօրինի ծառահատումների, բնափայտի տեղափոխման, որսագողության, ապօրինի ձկնորսության, հողի վերին շերտի վնասումը կանխարգելելու, ինչպես նաև բնության հատուկ պահպանվող և դրանց հարող տարածքներ պատահական ստուգայցեր կազմակերպելու նպատակով ստեղծվել է արագ արձագանքման աշխատանքային խումբ:
Աշխատանքային խմբի ղեկավար Գեորգի Պողոսյանի գլխավորությամբ շուրջօրյա հսկողություն է սահմանվել Երևան-Սևան M4 եւ Երևան-Գյումրի M1 միջպետական ավտոճանապարհների վրա:
Խումբն արդեն աշխատանքներ է իրականացրել Կոտայքի եւ Արագածոտնի մարզերում:
Հոկտեմբերի 9-ին Երևան-Սևան M4 ավտոճանապարհի վրա իրականացվող աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է` Զիլ 09UO660 պետհամարանիշի բեռնատար ավտոմեքենա, որի թափքում եղել է 7 մ/խ կողահատ հաճարենի տեսակի տախտակ, Ֆորդ 29ՏU923 պետհամարանիշի բեռնատար ավտոմեքենա, որի թափքում եղել է 4 մ/խ կողահատ հաճարենի տեսակի տախտակ, Զիլ 57ԼՏ563 պետհամարանիշի բեռնատար ավտոմեքենա, որի թափքում եղել է 6 մ/խ հաճարենի տեսակի կիսաչոր վառելափայտ:
3 ավտոմեքենաների վարորդները չհամաձայնելով արձանագրություն կազմելու փաստի հետ, թողել են մեքենաները ու հեռացել:
Ոստիկանների ուղեկցությամբ մեքենաները տեղափոխվել են ոստիկանության Չարենցավանի բաժին:
Խմբի աշխատանքները շարունակվում են:





