AM
12 Հոկտեմբեր 2012 - 05:36 AMT

«Ժողովուրդ». Գոմեշի գործով մեղադրյալն իր կոմբինատը վաճառել էր

Գոմեշի մսի գործով որպես մեղադրյալ ներգրավված Կապանի մսի կոմբինատի նախկին տնօրենը Ալբերտ Օհանջանյանը` այս տարվա օգոստոսին իր ընկերությունը վաճառել է: Այդ մասին գրում է «Ժողովուրդ» թերթը: Այն գնել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրեն Մաքսիմ Հակոբյանը: Ըստ թերթի հավաստի աղբյուրների` Օհանջանյանը Հակոբյանին ասել է, որ իր վիճակը վատ է, հնարավոր է` իր դեմ գործ հարուցվի, դրա համար ստիպված վաճառում է ունեցվածքը, որ փրկվի:

Թերթը փորձել է տեղեկությունը ճշտել Մաքսիմ Հակոբյանից, որը, սակայն, լսելով հարցը, բարկացել է. «Մյուս անգամ ինձ հեռախոսով հարց չուղղեք», ապա անջատել է հեռախոսը: Ի դեպ, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արշալույս Փայտյանը ժամանակին եղել է ԶՈՒ բանակային 1-ին կորպուսի հրամանատարը և սերտ հարաբերություններ է ունեցել Օհանջանյանի հետ, գրում է թերթը: