AM
12 Հոկտեմբեր 2012 - 05:57 AMT

«Ժողովուրդ». «ՄԱՊ»-ի փողերի «յուրացման» գործով դատական նիստը տեղի կունենա այսօր

Այսօր Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում տեղի կունենա Աժ պատգամավոր Ալեքսան Պետրոսյանին պատկանող «ՄԱՊ» ընկերության փողերը «յուրացրած» Սիլվա Խաչատրյանի գործով դատական նիստը:

Ըստ քրեական գործի նյութերի` ԼՂՀ քաղաքացի Սիլվան, բանավոր պայմանավորվածության համաձայն, 2005-ից մինչև 2009թ. մայիսը Արցախում իրացրել է Արմավիրի մարզում գտնվող «ՄԱՊ» ՓԲԸ-ի արտադրած գինիները, կոնյակները և պահածոները:

Իսկ 2009թ-ից արդեն Ա/Ձ Ս. Խաչատրյանի և ընկերության միջև կնքվել է ապրանքների մատակարարման պայմանագիր, և մինչև 31.12.2011թ.-ից Սիլվան «ՄԱՊ»-ի ապրանքն իրացրել է հաշիվ-ապրանքագրերով: Այդ երկու տարվա ընթացքում Սիլվան ընկերության ապրանքների վաճառքից ստացված առանձնապես խոշոր չափի` 32 մլն 935 հազ. դրամ գումարը չի մուտքագրել դրամարկղ, այլ ՓԲԸ-ին ցույց է տվել որպես չվաճառված ապրանք և նշված գումարը հափշտակելով` ծախսել անձնական կարիքների համար: