AM
12 Հոկտեմբեր 2012 - 09:06 AMT

Նամակ քաղաքապետին. Երբևէ մտածե՞լ եք, թե ու՞ր են հաշմանդամություն ունեցող երեխաները

2 օրից Երևանի հերթական տարեդարձն է, բայց այն դեռ շարունակում է անմատչելի մնալ իր որոշ բնակիչների համար: Տոնին ընդառաջ՝ «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպությունը Եվրամիության ֆինանսավորմամբ իրականացնում է «Իմ մասին» ծրագիրը, որի շրջանակում այսօր կազմակերպվել է ակցիա: Հաշմանդամություն ունեցող և նրանց խնդիրներով մտահոգ մարդիկ «Երևանը նաև իմ քաղաքն է» գրությամբ շապիկներով Հանրապետության Հրապարակից շարժվեցին դեպի քաղաքապետարան:

Ծրագրի պատասխանատու Նաիրի Մելքումյանն ասաց, որ նույնիսկ տարածքի ընտրությունն է պայմանավորված քաղաքի՝ հաշմանդամների համար անհարմարությամբ:

«Քաղաքապետին նամակ ենք փոխանցելու, որում խնդրում ենք ավելի ուշադիր լինել հաշմանդամություն ունեցող մարդկանց խնդիրներին: Բոլորս էլ հասկանում ենք, որ այս ակցիայով ու նամակով վաղն առավոտյան, միևնույն է, ոչինչ փոխված չի լինի, բայց քայլեր պետք է ձեռնարկել», -ասաց նա:

«Երբևէ մտածե՞լ եք, թե ու՞ր են հաշմանդամություն ունեցող երեխաները: Մենք զրկված ենք ազատ տեղաշարժվելու, կրթական, մշակութային, առողջապահական և այլ վայրեր այցելելու հնարավորությունից» , – ասված է քաղաքապետարանին փոխանցված նամակում:

Արմինե Թորոսյանն Իջևանից է եկել, քաղաքի անհարմարություններից առանձնացնում է տանսպորտից օգտվելու, կրթություն ստանալու սահմանափակ հնարավորություններն ու կարծրատիպերը:

«Մայրաքաղաքը միայն Երևանցիների համար չէ, դրա համար նաև մենք ենք եկել ասելու, որ այն պետք է մատչելի լինի հաշմանդամություն ունեցող մարդկանց համար», – ասաց Արմինե Թորոսյանը: