«Ժողովուրդ».-ը գրում է. «Իջևանը Հայաստանի այն եզակի քաղաքներից է, որն ունի ճարտարապետական ուրույն դիմագիծ:
Խորհրդային տարիներին կուսշրջկոմի առաջին քարտուղար Ջեմմա Անանյանը հետամուտ էր, որ Իջևանում կառուցվեն տեղական քարից կերտված ազգային ոճին ներդաշնակ շենքեր: Հայաստանի անկախացումից հետո Իջևանի դիմագիծը որոշակի կերպով աղճատվել է, կառուցվել են անօրինական , անճաշակ շինություններ: Բացի այդ, Իջևանը, որ համալսարանական քաղաք է, որոշակիորեն տուժում է թափառող անասուններից: Քաղաքի կենտրոնում գտնվող զբոսայգում` խորհրդային տարիներին անցկացվող քանդակի միջազգային սիմպոզիումի ժամանակ կերտված քանդակների պուրակում, կարելի է տեսնել թափառող կովերի: Կովերն անարգել արածում են նաև Տավուշի մարզպետարանի շենքի դիմաց: Մի՞թե մարզպետարանի աշխատակիցները չեն տեսնում, ինչո՞ւ չեն միջամտում:
Իջևանի երկրագիտական թանգարանի տնօրեն Նարիման Թանանյանն ասում է. «51 տարի առաջ` 1961 թվականին, Իջևանը ստացավ քաղաքի կարգավիճակ: Կես դար է անցել, շատ բան է փոխվել, Իջևանը մեր հանրապետության ամենագեղեցիկ քաղաքներից է` իր բարձրահարկ շենքերով, մայթերով, բազմաթիվ հուշարձաններով և քանդակների զբոսայգով, կրթամշակութային օջախներով, գեղեցիկ բնությամբ և բուսաբանական հազվագյուտ այգով, քաղաքի երկու մասերը միացնող 10 կամուրջներով, շատրվաններով, գիշերային լուսավորության ցանցով: Սակայն, ցավոք, որոշ իջևանցիներ դեռ քաղաքացի չեն դարձել: Կովերը կթում են և բակից քշում, քաղաքի տարբեր մասերում հաճախ կարող ենք տեսնել կովերի, ձիերի, խոզերի և հատկապես թափառող շների: Վայրենիների նման ջարդում են քանդակները և հուշարձանները, կոտրում, արմատախիլ են անում մեծ ջանքերով աճեցված ծառերն ու թփերը, կոտրում փողոցների գիշերային լուսավորության ամպերը, որոնց փոխարեն ստիպված նորերն են տեղադրվում»:
Անցյալ տարի աշնանաը Իջևանի քաղաքախպետ ընտրված Վարդան Ղալումյանի նախաձեռնությամբ քաղաքը գեղեցկացնելու համար բավական աշխատանք է կատարվել : Իջևանի քաղաքապետը մեզ հայտնեց, որ թափառող կովերի տերերի համար տուգանքներ են սահմանվել 20-30 հազար դրամի չափով: Սակայն շատ դեպքերում թափառող անասունների տերերը խեղճ,կ ծեր մարդիկ են, որոնք քաղաքապետարանում խնդրում-աղաչում են իրենց տուգանքի տակ չգցել»:





