AM
16 Հոկտեմբեր 2012 - 07:08 AMT

«Էրեբունի» արգելոց-թանգարանում կանցկացվեն մշակութային և հնագիտական ժառանգությանը նվիրված սեմինարներ

Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող կրթական նախագծերի շրջանակում 2012թ. հոկտեմբերի 16-ին և 18-ին «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում կանցկացվեն մշակութային և հնագիտական ժառանգությանը նվիրված 2 թեմատիկ սեմինարներ` դպրոցական ուսուցիչների համար: Դպրոցների ուսուցիչներից ձևավորված 1-ին լսարանը ներկայացնում են մայրաքաղաքի Արաբկիր և Կենտրոն վարչական շրջանների թիվ 29, 42, 54, 83, 148 և 149 ավագ դպրոցների 15 ուսուցիչները:

Հաշվի առնելով այն, որ ժամանակակից աշխարհում հանրակրթությունը ևս միտված է դառնալ բազմառարկայական և միջառարկայական, սեմինարները նպատակ ունեն աջակցել դպրոցում մշակութային ժառանգության մանկավարժության ներդրմանը:

Սեմինարները կանդրադառնան ժառանգության հասկացություններին և դպրոցական ուսուցչի դերին` ժառանգության ճանաչմանն ուղղված գործողությունների համատեքստում: Միաժամանակ կմեկնաբանվի ժառանգության պահպանության օրենսդրական շրջանակը` ազգային և միջազգային մակարդակներում: «Հնագիտական ժառանգություն. Էրեբունի» թեմատիկ սեմինարը կկենտրոնանա Երևանի բնօրրանի` Էրեբունի ամրոցի պատմությանը և պահպանության խնդիրների վրա` ուսուցիչներին առաջարկելով աշակերտի մեջ դպրոցական նստարանից սերմանել պատմական քաղաքի բնակիչ լինելու պատասխանատվությունը: Կազմակերպիչներն ակնկալում են արդյունավետ երկխոսություն` դպրոցի և ժառանգության պրոֆեսիանալների միջև` ի նպաստ ժառանգության մասին իրազեկության:

Թեմատիկ սեմինարները պատրաստվել են ԵՄ Արևելյան գործընկերության «Մշակույթ» ծրագրի շրջանակում իրականացվող «Տարածաշրջանային համագործակցություն հանուն մշակութային ժառանգության զարգացման» նախագծի շրջանակում` «ԻԿՕՄՕՍ/Հայաստան» Հ/Կ կողմից` ՀՀ Գիտության և կրթության նախարարության հետ սերտ համագործակցությամբ:

«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը նախագծի մասնակցային գործընկերն է: Նախագիծը ֆինանսավորվում է ԵՄ կողմից:«Տարածաշրջանային համագործակցություն հանուն մշակութային ժառանգության զարգացման» նախագիծը իրականացվում է Վրաստանում /ԻԿՕՄՕՍ/Վրաստան, գլխավոր գործընկեր/, Հայաստանում /ԻԿՕՄՕՍ/Հայաստան, գործընկեր/ և Ուկրաինայում /("Architectura I Prestizh", գործընկեր/: Հայաստանում նախագծի շնորհանդեսը տեղի է ունեցել 2012թ. հունիսի 15-ին` «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում: