Հայաստանում սոցիալական պատկերը 2012թ զեկույցի համաձայն հետևյալն է՝ հաշմանդամություն ունեցող երեխաներով ընտանիքների աղքատության աստիճանը 54 տոկոս է` երկրի միջին ցուցանիշի համեմատ 38 տոկոս: Հայաստանում հաշմանդամություն ունի 8000 երեխա: Նրանցից 5707 ընտանիքի կամ խնամք տրամադրողի հետ ՅՈՒՆԻՍԵՖ-ը հետազոտություն է իրականացրել և այսօր ներկայացրել զեկույց` «Խոսքը ներառման մասին է» խորագրով:
«Հետազոտությունը պարզեց, որ չնայած ծնողական խնամքի ներքո գտնվող երեխաների 70 տոկոսը հաճախում է հանրակրթական դպրոց, մտավոր հաշմանդամություն և լսողական խնդիրներով երեխաների տոկոսն ավելի ցածր է` 48 և 56 տոկոս: Հենաշարժական համակարգի և մտավոր հաշմանդամություն ունեցող 4 երեխայից մեկը դպրոց չի հաճախում», – ասաց ՄԱԿ մանկական հիմնադրամի կրթական ծրագրերի համակարգող Մերի Պողոսյանը:
Հետազոտությանը մասնակցած երեխաների 12 տոկոսն ընդհարապես ընկեր չունի, իսկ 33 տոկոսը չի մասնակցում իր համայնքում տեղի ունեցող ոչ մի միջոցառման:
Զեկույցի ներկայացմանը ներկա էր նաև Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:
«Այս հետազոտությունները լավ հիմք կհանդիսանան ոլորտի խնդիրների հետագա ուսումնասիրության և կարգավորումների համար: Մենք նպատակ ունենք կրթական համակարգում ներառական քաղաքականություն մշակել, նպաստել հաշմանդամություն ունեցող երեխաների տեղաշարժման, մշակութային միջոցառումների ներգրավվմանը», – ասաց Արտեմ Ասատրյանը:
Այս զեկույցը ներկայացվելու է նաև ԱԺ-ում, հոկտեմբերի 13-ին` Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրվա առիթով:





