Երիտասարդ գիտնականների աջակցման ծրագիրը մեկնարկել է այս տարվա հունիսից:
Երեք ամիս անց ծրագրի ներկայացուցիչներից Գևորգ Վարդանյանն այսօր ամփոփեց մինչ այս արված աշխատանքը:
«Ֆինանսական աջակցությունը եղել է 4 ուղղությամբ`գիտական գործուղումների համար 24 մլն դրամ, գիտաժողովների և դպրոցներում սիմպոզիումների կազմակերպման համար 24 մլն դրամ, տարբեր անվանակարգերում մրցանակաբաշխությունների համար 10մլն դրամ, գիտական դրամաշնորհների տրամադրման համար 10 մլն դրամ», – ասաց Գևորգ Վարդանյանը:
Նրա խոսքով այս աջակցությունը բավական չէ, փորձում են գործակցել նաև տարբեր հիմնադրամների հետ:
Գիտության անխտիր բոլոր ճյուղերն են մասնակցում ծրագրին, առավել ակտիվ` բնագիտական և ճշգրիտ գիտության:
Անդրադառնալով սոցիալական պայմաններին Գևորգ Վարդանյանն ասաց, որ եթե երիտասարդ գիտնականը որևէ ծրագրի չմասնակցի, իր 60.000 դրամ միջին աշխատավարձով չի կարող ապրել:
Ըստ Գևորգ Վարդանյանի, որը նաև ԳԱԱ երիտասարդ գիտնականների խորհրդի նախագահն է, գիտնականների արտահոսքը կանխելու համար աջակցման ծրագիրը լավ խթան է, բայց առաջին հերթին պետք է լուծվի սոցիալական և նոր սարքավորումների խնդիրը:
Նրա խոսքով այսօրվա պայմաններում մեր գիտությունը ոչ միայն տարածաշրջանի պետություններին չի զիջում, այլև հսկայական ֆինանսավորում ունեցող Իսրայելից է շատ քիչ հետ մնում:





