AM
16 Հոկտեմբեր 2012 - 12:59 AMT

Հայաստանից Սիրիա ուղարկված 14 տոննա պարենամթերքը բարեհաջող տեղ է հասել

Հոկտեմբերի 15-ին, ժամը 11:15-ին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից դեպի Հալեպ ուղևորվեց Սիրիայի աջակցության «Օգնիր եղբորդ» քաղաքացիական նախաձեռնության առաջին մարդասիրական ինքնաթիռը՝ բեռնված 14 տոննա պարենամթերքով։ Թռիչքն իրականացրեց «Էյր Արմենիա» ընկերության AN-12 բեռնատար ինքնաթիռը՝ հայկական անձնակազմով։ «Օգնիր եղբորդ» նախաձեռնող խումբը հայտնում է, որ թուրքական կողմի հետ նախնական պայմանավորվածության և հաստատված թռիչքային պլանի համաձայն բեռնատար ինքնաթիռը վայրէջք է կատարել Էրզրումի օդնավակայանում։ Անցնելով նախապես համաձայնեցված տեխնիկական, ինչպես նաև զննում, ինքնաթիռը հումանիտար բեռը հասցրեց Հալեպի միջազգային օդանավակայան և նուն օրն էլ վերադարձավ։Տասնյակ համաքաղաքացիներ, հայրենի մտավորականներ, քաղաքական գործիչներ և գործարարներ են արձագանքել սիրիահայերին պատերազմի արհավիրքի դեմ մենակ չթողնելու, նյութական և բարոյական աջակցություն ցուցաբերելու կոչին։

Նախաձեռնության առաջին օրերին ՀՅԴ Բյուրոյի և սիրիահայ բարերարների աջակցությամբ հավաքվել է 32.700 ԱՄՆ դոլար, որը տրամադրվել է Հալեպի 327 անապահով հայ ընտանիքների՝ յուրաքանչյուրին 100-ական դոլար:

Նախաձեռնության շուրջ համախմբվել են մի շարք հասարակական կազմակերպություններ` Հայ Օգնության Միությունը(ՀՕՄ), Համազգային հայ կրթական և մշակութային միությունը, Հայաստանի Ազգային Սկաուտական Կազմակերպությունը (Հ.Մ.Ը.Մ), ՀՅԴ Երիտասարդական, Պատանեկան, «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունները, «Գլոբալ Արմենիան Ռեսփոնս» փրկարարական կազմակերպությունը և բազմաթիվ անհատներ:

ՎիվաՍել ՄՏՍ ընկերության ցանցում ՎիվաՍելի հովանավորությամբ գործում է նվիրատվության SMS ակցիա, որից հավաքված միջոցները նույնպես կուղղորդվեն «Օգնիր եղբորդ» հաշվեհամարին:

Առաջին անհրաժեշտության դեղորայքով նախաձեռնությանն իր աջակցությունն է ցուցաբերել «ԱՐՓԻՄԵԴ» ընկերությունը: Հալեպ հումանիտար թռիչքի կազմակերպման աշխատանքներում շոշափելի աջակցություն է ցուցաբերել «ՓՅՈՒՆԻԿ» հիմնադրամը:

Բազմաթիվ երիտասարդ կամավորների կողքին բեռնատար ինքնաթիռի արագ բեռնավորման աշխատանքներին իրենց օպերատիվ և սրտացավ մասնակցությունն են բերել ԶՎԱՐԹՆՈՑ միջազգային օդանավակայանի և մաքսատան աշխատակիցները: Քաղաքացիական խումբը նաև իր շնորհակալությունն է հայտնում «ԱռԷքսիմԲանկ»-ի կենտրոն մասնաճյուղին, որը սպասարկում է նախաձեռնության հաշվեհամարը և օպերատիվ տեղեկություններ փոխանցում նախաձեռնության հաշվեհամարին կատարվող դրամական փոխանցումների վերաբերյալ:

«Օգնիր եղբորդ» նախաձեռնող խումբն իր երախտագիտությունն է հայտնում բոլոր անհատներին, գործարարներին, քաղաքական և բարեսիրական կազմակերպություններին, որոնք իրենց շատ կարևոր ներդրումը բերեցին հակամարտության արդյունքում անդառնալի կորուստներ կրող սիրիական համայնքին։ «Օգնիր եղբորդ» նախաձեռնությունը շարունակվում է։