AM
17 Հոկտեմբեր 2012 - 07:33 AMT

Պատգամավորական թափուր պաշտոնների համար դեռ 3 հոգի է առաջադրվել

Ընթացիկ տարվա դեկտեմբերի 2-ին մեծամասնական ընտրակարգով Ազգային ժողովի պատգամավորի ընտրություններում Ավան համայնքն ընդգրկող թիվ 1 ընտրատարածքում հոկտեմբերի 17-ի դրությամբ դեռ առաջադրվել է երկու թեկնածու՝ «Ժառանգություն» կուսակցության վարչության գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանը, և Հանրապետական կուսակցության անդամ Ռոբերտ Սարգսյանը: Այս մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԿԸՀ մամուլի խոսնակ Հերմինե Հարությունյանը: Ըստ նրա՝ Գյումրու թիվ 35 ընտրատարածքում մինչ այժմ առաջադրված միակ թեկնածուն ՀՀԿ-ական Արման Սահակյանն է։

Նշենք, որ թեկնածուներն առաջադրվել են թիվ մեկ ընտրատարածքում մայիսի 6-ին մեծամասնական ընտրակարգով պատգամավոր ընտրված ՀՀԿ-ական Ռուբեն Հայրապետյանի և թիվ 35 ընտրատարածքում ընտրված ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանի այժմ արդեն թափուր տեղերի համար:

Թեկնածուների առաջադրման վերջնաժամկետը հոկտեմբերի 18-ն է։