AM
18 Հոկտեմբեր 2012 - 14:25 AMT

Orange-ի բաժանորդների և Orange Հիմնադրամի հանգանակությունների շնորհիվ ևս երկու երեխա կվերադառնա ընտանիք

Այսօր Orange Հիմնադրամը և Վորլդ Վիժն Հայաստանը հայտարարել են «Պահենք երեխաներին ընտանիքում» SMS բարեգործական նախագծի սեպտեմբեր ամսվա արդյունքների մասին:Այս մասին PanARMENIAN.Net-ին տեղեկացնում են հանրային կապերի բաժնից:

Նախագիծը թույլ է տալիս Orange-ի բաժանորդներից յուրաքանչյուրին աջակցություն ցուցաբերել այն հայ մանուկներին,որոնց ընտանիքները ֆինանսական դժվարությունների պատճառով իրենց երեխաներին հանձնում են պետական հաստատությունների հոգածությանը:

Սեպտեմբեր ամսին Orange-ի բաժանորդները նվիրաբերել են 299 600 ՀՀ դրամ: Ինչպես և նախորդ ամսիներին, Orange Հիմնադրամն այս գումարը կրկնապատկում է` Վորլդ Վիժն Հայաստանին փոխանցելով 599 200 ՀՀ դրամ:

Այս գումարը Վորլդ Վիժն Հայաստանը կօգտագործի Սյունիքի մարզում բնակվող մի ընտանիքի օգնելու համար: Ընտանիքը բաղկացած է երիտասարդ մորից և երկու երեխաներից: Մայրը` Շողիկը, բարդ սոցիալական պայմաններից դրդված՝ 13-ամյա դստերը և 14-ամյա որդուն ստիպված է եղել հանձնել խնամքի հաստատության հոգածությանը: Հանգանակված գումարով հնարավոր կլինի ձեռք բերել տնային պայմաններում հրուշակեղենի արտադրության համար անհրաժեշտ սարքավորումներ, ինչը թույլ կտա Շողիկին գումար վաստակել և երեխաներին ինքնուրույն մեծացնել տանը:

«Նախագծի մեկնարկից ավելի քան 5800 բաժանորդ նվիրատվություն է կատարել, իսկ շատերը մի քանի անգամ են գումար նվիրաբերել: Շնորհակալություն ենք հայտնում այս նախաձեռնությանը մասնակցած մեր բոլոր բաժանորդներին: Կոչ ենք անում մեր բաժանորդներին կրկին նվիրաբերել 100 կամ 500 դրամ, քանի որ հոկտեմբեր ամսվա հանգանակության արդյունքում կրկին մեկ հայ երեխա կվերադառնա ընտանիք»,- ասել է Հայաստանում Orange Հիմնադրամի խորհրդի նախագահ Ֆրանսիս Ժելիբտերը: