Ալավերդի քաղաքից 1 կմ հեռավորությամբ տեղակայված «մկնդեղի գերեզմանոցում» տեղի ունեցած վթարի առնչությամբ բնապահպանական պետական տեսչության Լոռու տարածքային բաժնի աշխատակիցները «Դեբեդ» ՀԿ-ի նախագահ ՌաֆիկՂազինյանի հետ տեղում կատարել են ուսումնասիրություն, որի արդյունքում պարզվել է, որ «Մկնդեղի գերեզմանոց» կոչվող տարածքից դեպի ջրային ավազան արտահոսքեր չեն հայտնաբերվել, «թեժ գծով» հաղորդված ահազանգը, ինչպես նաև հեռուստաընկերություններով հեռարձակված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: Ըստ «Դեբեդ» ՀԿ-ի նախագահի հայտարարության` հեռուստաընկերություններով հեռարձակված և համացանցում տեղադրված նյութերը նկարահանվել են մոտ 1 ամիս առաջ «Օրհուս» հիմնադրամի կողմից կազմակերպված միջոցառումների շրջանակում, սակայն վթարային փաստեր չեն արձանագրվել: Վերլուծական հետազոտություններ կատարելու նպատակով՝ բնապահպանական պետական տեսչության աշխատակիցների կողմից մկնդեղի գերեզմանոցի հարակից Դեբեդ գետի Մադան թաղամասից հոսող վտակից` գերեզմանոցի ներքևի մասից վերցվել է ջրի փորձանմուշ: Արդյունքների վերաբերյալ լրացուցիչ հանրությանը կիրազեկվի:
Հիշեցնենք, որ Հոկտեմբերի 17-ին ՀՀ բնապահպանության նախարարության թեժ գծին ահազանգ էր, որ Ալավերդի քաղաքից 1 կմ հեռավորությամբ գտնվող մկնդեղի գերեզմանոցի պատերը ճաքել են, և թունավոր նյութերը սկսել են արտահոսել Դեբեդ գետ: Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի կարգադրությամբ տեղում իրավիճակին ծանոթանալու համար նշված վայր էին ուղարկվել Բնապահպանական պետական տեսչության մարզային աշխատակիցները: Ահազանգը փոխանցվել էր նաև ԱԻՆ Ճգնժամային կառավարման կենտրոն և 911 ծառայություն:





