AM
19 Հոկտեմբեր 2012 - 09:39 AMT

Գալուստ Սահայկան. Սերժ Սարգսյանի վարկանիշն այնքան բարձր է, որ նա նորից նախագահ կդառնա

Մինչ այժմ որևէ բանակցություն չի եղել ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի միջև: ԱԺ ՀՀԿ խմբակցության նախագահ Գալուստ Սահակյանն այսօր լրագրողներին ասաց, որ այս պահին ինքը չի էլ պատկերացնում, թե նրանք ինչի շուրջ կարող են բանակցել ԲՀԿ-ի հետ: «Մենք այսօր մեր խնդիրներն ենք լուծում, պատրաստվում ենք հանրագումարին: Շատ լավ կլինի, եթե ԲՀԿ-ն աջակցի ՀՀԿ-ին, բայց անկախ այդ աջակցությունից, մենք աշխատում ենք մեր թեկնածուի օգտին»,-ասաց նա՝ հավելելով, որ իրենք բոլորի աջակցության կարիքն ունեն, բայց դա չի նշանակում, որ ՀՀԿ-ն կարիքավոր է:

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մասին խոսելով՝ Գ. Սահակյանը վստահեցրեց, որ անկախ ամեն ինչից, իրենց թեկնածուն գործող նախագահն է: Նա կարևորեց այն, որ բոլոր թեկնածուներն էլ նախ պետք է իրենց նպատակների մասին հայտարարեն, նոր թեկնածություն առաջադրեն: «Սա քաղծառայողի քննություն չէ, սա նախագահական ընտրություններ են: Դեռևս որևէ մեկը չի հայտարարել իր թեկնածության մասին, առավել ևս չի ասել, թե ինչու և ինչ նպատակով է ուզում նախագահ դառնալ: Նախագահը ոչ վարձու աշխատող է, ոչ էլ քաղծառայող»,- ասաց նա:

Հավանական թեկնածուների մասին Գալուստ Սահակյանն ասաց, որ Գագիկ Ծառուկյանի մոտ այսքան տարիների ընթացքում նախագահ դառնալու որևէ ձգտում չի նկատվել: Վարդան Օսկանյանին առավել ևս որպես թեկնածու չի տեսնում՝ պատճառաբանելով, որ նա ընդամենը կատարել է արտգործնախարարի պարտականությունները և որպես գործիչ օտարված է ժողովրդից:

Իսկ գործող նախագահի մասին Գ. Սահակյանն ասաց. «Սերժ Սարգսյանի վարկանիշը ՀՀԿ-ի ռեյտինգից այնքան բարձր է, որ նա նորից նախագահ է դառնալու»:

Անդրադառնալով ՀՀԿ-ի հասցեին հնչած քննադատություններին՝ Սահակյանն ասաց, որ զարմանալու ոչինչ չկա, քանի որ շուտով բոլորն էլ իրենց բան ու գործը թողնելու են, ու սկսեն քննադատել ՀՀԿ-ին: