«Ժողովուրդ»-ը գրում է . «Հոկտեմբերի 19-ին Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքից ահազանգ էր ստացվել, որ Մարտունու ինֆեկցիոն հիվանդանոց է դիմել շուրջ 15 քաղաքացի, որոնց մոտ նկատվել է սիբիրյան խոց հիվանդության ախտանիշներ:
Դեպքի կապակցությամբ ՀՀ առողջապահության նախարարությունը երեկ հաղորդագրություն էր տարածել, որ հոսպիտալացված 15 անձանցից վերցված լաբորատոր փորձանմուշների համաձայն, մեկի մոտ սիբիրյան խոց հիվանդությունը հաստատվել է, 9-ի մոտ հայտնաբերվել են հիվանդության ոչ ախտածին հարուցիչներ, իսկ 5-ի մոտ լաբորատոր հետազոտության արդյունքները եղել են բացասական:
Մինչդեռ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը հայտարարում է, որ տվյալ հիվանդությամբ ոչ մի կենդանի դեռևս չի հայտնաբերվել Գեղարքունիքի մարզում: Գյուղատնտեսության նախարարության հասրակական կապերի հետ վարչության պետ Վահագն Մարտիրոսյանը նշել է, որ հիվանդ կենդանիների հայտնաբերման դեպքում,կարելի է մտածել փոխհատուցման մասին»,-գրում է թերթը:
Վարդենիսի բնակիչները «Ժողովուրդի» հետ զրույցում հայտնել են, որ Վարդենիսում և Մարտունիում մի քանի օր է` փակ են մսամթերքի խանութները, իսկ մսամթերք և կաթնամթերք այդ մարզից դուրս չի գալիս:
Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության մամուլի խոսնակ Բաբկեն Պիպոյանը թերթի հետ զրույցում ասել է, որ չի կարելի սպասել մի քանի օր, մինչև հիվանդության կասկածները հաստատվեն: Նրա խոսքով իրականացվում են բոլոր անհրաժեշտ միջոցառումները:
Իսկ Գեղարքունիքի Մարզպետ Ռաֆիկ Գրիգորանը հայտարարել է, որ ոչ մի խանութ փակ չէ, սակայն համապատասխան կառույցները ուժեղացրել են վրահսկողությունը: Նախանշանների առկայությունը միանշանակ է: Սակայն պետք է սպասել պաշտոնական հայտարարության:





