Հոկտեմբերի 22-ին Մեքսիկա այցելությամբ մեկնարկեց արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի այցը լատինաամերիկյան երկրներ: Ինչպես հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը, Մեխիկոյում Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ իր գործընկերոջ` արտաքին հարաբերությունների քարտուղար Պատրիսիա Էսպինոսայի հետ:
Ողջունելով Հայաստանի ԱԳ նախարարին Մեքսիկայի արտաքին հարաբերությունների քարտուղարը նշեց, որ իր երկիրը Հայաստանը դիտարկում է որպես բարեկամ երկիր և ցանկանում է ընդլայնել փոխգործակցությունը և ԱԳ նախարարի այցելությունը լավ հնարավորություն է քննարկելու և պայմանավորվածություններ ձեռք բերելու այդ ուղղությամբ:
Շնորհակալություն հայտնելով Մեխիկո այցելելու հրավերի համար, նախարար Նալբանդյանը համոզմունք հայտնեց, որ իր այցն ու դրա ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները պարարտ հող կստեղծեն տարբեր բնագավառներում համագործակցությունը խթանելու համար:
Հայաստանի և Մեքսիկայի արտաքին գործերի նախարարները վերահաստատեցին սեպտեմբերի վերջին Նյու Յորքում կայացած իրենց հանդիպման ընթացքում արտահայտած պատրաստակամությունը գործուն քայլեր ձեռնարկելու երկկողմ համագործակցությունը որակապես նոր մակարդակի վրա բարձրացնելու վերաբերյալ, այդ առումով պայմանավորվածություն ձեռք բերվեց իրավապայմանագրային դաշտն ընդլայնելու մասին: Զրուցակիցները համակարծիք էին, որ Մեխիկոյում ՀՀ դեսպանատան բացումը մեծապես կնպաստի հարաբերությունների ամրապնդմանն ու խորացմանը:
Էդվարդ Նալբանդյանն ու Պատրիսիա Էսպինոսան մտքեր փոխանակեցին տնտեսական համագործակցության և մշակութային փոխանակումների ակտիվացման նպատակով ձեռնարկվելիք քայլերի վերաբերյալ:





