«Popok» գովազդի միջազգային փառատոնն այս տարի կհամագործակցի Երևանի քաղաքապետարանի հետ: Ինչպես այսօր Երևանում կայացած մամլո ասուլիսում նշեց փառատոնի նախագահ Արմեն Մարտիրոսյանը, փառատոնի բացման արարողությունից հետո տեղի կունենա կլոր սեղան «Մեծ քաղաքների գովազդ. Մեծ քաղաքներում գովազդ» թեմայով, որի ընթացքում կքննարկվեն Երևանի արտաքին տեսքի և մայրաքաղաքը որպես զբոսաշրջային կենտրոն ներկայացնելու հայեցակարգերին վերաբերող հարցեր: «Փառատոնն այս տարի կանցկացվի երրորդ անգամ, և ուրախ եմ նշելու, որ այս տարի փառատոնը ստացել է Երևանի քաղաքապետարանի աջակցությունը: Զբաղվելով մայրաք աղաքի արտաքին գովազդով` քաղաքապետարանն արդեն իսկ մասնակից է դառնում գովազդային մշակույթին»,- ասաց նա:
Դրա հետ մեկտեղ Արմեն Մարտիրոսյանն ընդգծեց, որ «Popok» փառատոնը նպատակ ունի կրթել երիտասարդ գովազդատուներին, միջազգային դաշտում մրցունակ մասնագետներ պատրաստել և նոր կապեր հաստատել արտասահմանյան պատվիրատուների և ոլորտի պրոֆեսիոնալների հետ: «Շատ հաճախ մասնակիցները փառատոնից հետո մի շարք պատվերներ են ունենում արտասահմանից, և դա փառատոնի կարևոր արժանիքներից մեկն է»,- ընդգծեց նա, իսկ անդրադառնալով նոր` «Գիրք» անվանակարգի ներմուծմանը Երևանի` 2012թ. գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակվելու առիթով` հավելեց, որ անվանակարգը բացառիկ է, քանի որ մինչ օրս ոչ մի գովազդային փառատոնում նման անվանակարգ հայտարարված չի եղել. «Եթե անվանակարգը հաջողություն ունենա, հնարավոր է` այն ընդգրկվի նաև հաջորդ տարիների փառատոնում»:
Երևանի քաղաքապետարանի արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետ Արազ Բաղդասարյանն ընդգծեց, որ փառատոնը մեծ դեր է խաղում Հայաստանում գովազդային մշակույթի ներմուծման գործում և նպաստում, որպեսզի գովազդը համապատասխանի օրենքի տառին:
Երևանի քաղաքապետի խորհրդական-գլխավոր դիզայներ Գագա Ամատունին իր հերթին հավելեց, որ փառատոնը շատ լավ առիթ է, որպեսզի դիզայներները և Երևանի արտաքին տեսքով մտահոգված մարդիկ քննարկումներ անցկացնեն մեկ սեղանի շուրջ, համագործակցեն արտասահմանից ժամանած մասնագետների հետ, փորձ փոխանակեն: «Ուստի կոչ եմ անում, որպեսզի մեր դիզայներներն ակտիվորեն մասնակցեն փառատոնին»,- ասաց նա:





