Վանո Սիրադեղյանի վերադարձի քննարկումը բացառապես իրեն էր պետք: Քաղաքագետ Արմեն Աղայանը համոզված է, որ ներքին գործերի նախկին նախարարին վերադարձնելու պահանջի տակ որևէ քաղաքական ենթատեքստ չկար: «Դա Վանոյի կողմից կազմակերպված մի արշավ էր: Նա, գուցե հաշվարկում էր, որ այս պահին իր վերադարձի պահանջը հասարակական մեծ հնչեղություն կունենա, ինչը չեղավ», -PanARMENIAN.Net-ի թղաթակցի հետ զրույցում ասաց Արմեն Աղայանը:
Վերջերս սոցցանցերում ամենաակտիվ քննարկվող թեմայի հետքն էլ չկա: Ֆեյսբուքում ստորագրահավաք կազմակերպեցին ի պաշտպանություն «մեր ժամանակի մեծատաղանդ գրող և պետական գործիչ Վանո Սիրադեղյանի»: Իսկ որոշ ժամանակ անց բոլորը մոռացան, որ ցանկանում էին հետ բերել ներքին գործերի նախկին նախարարին:
Ավելացնենք, որ Վանո Սիրադեղյանի մասին դեռևս ոչ մի տեղեկություն չկա: Ոստիկանության ինտերպոլի ԱԿԲ-ի պետ Արա Ֆիդանյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտնել էր, որ միջազգային հետախուզումը դեռ շարունակվում է, իսկ գործի հետ կապված դեռևս որևէ տեղեկատվություն չկա ոչ մի երկրից:





