Հանրակրթության ոլորտի կառավարման և կազմակերպման արդյունավետությունը մեծացնելու, եղած խնդիրներին համակարգված լուծում տալու նպատակով գործադիրը նախատեսում է կիրառել միասնական քաղաքականություն: Ազգային ժողովը այսօրվա նիստում Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը պատգամավորներին է ներկայացրել կառավարության հեղինակած` «Հանրակրթության մասին» և «Կրթության մասին» օրենքներում փոփոխություններ և լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթը: Մասնավորապես վերանայվել են «Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթության մասին» օրենքի որոշ սկբունքներ և, արտացոլելով դրանք «Հանրակրթության մասին» և «Կրթության մասին» օրենքներում` ստեղծվել է միջազգային կոնվենցիաներին ու չափանիշերին հանապատասխան օրենսդրական դաշտ: Արդյունքում, ըստ նախարարի, երեխաները կունենան կրթության հավասար հնարավորություններ` անկախ անհատական տարբերություններից կամ հաշմանդամությունից, ինչը բխում է նաև «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայից:
Փաթեթով կատարված այլ փոփոխություններով ոչ պետական դպրոցների տնօրենները կարող են մասնակցել պետական դպրոցների տնօրենների համար նախատեսված հավաստագրման գործընթացին: Հստակեցվել է նաև ոչ մասնագիտական կրթությամբ ուսուցիչների աշխատանքը: Ըստ այդմ՝ ուսուցիչ կարող է աշխատել վերջին տասը տարիներին առնվազն հինգ տարի կոնկրետ առարկա դասավանդած` բարձրագույն կրթություն ունեցող անձը:
«Կրթության մասին» օրենքում փոփոխություն կատարելով`կառավարությունը նպատակ ունի օրենսդրորեն ամրագրել տարրական դասարանների աշակերտներին ամբողջությամբ անվճար դասագրքերով ապահովելու նորմը. ներկայում օտար լեզվի և երաժշտության անվճար գրքեր տրամադրվում են միայն սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին:
Օրենքի նախագծի վերաբերյալ գլխադասային՝ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի դրական տեսակետն է ներկայացրել պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը: Նա կարևորել է հանրակրթության ոլորտում առաջարկվող փոփոխությունները, մասնավորապես համընդհանուր ներառման գաղափարը, ֆիզիկական համապատասխան միջավայրի ստեղծումը, կրթության կազմակերպան ու սոցիալական կարիքները բավարարելու նպատակադրումը և այլն: Ըստ նրա՝ պետք է վերանայել նաև ուսուցիչների վերապատրաստմանն առնչվող խնդիրները: Այս մասին հայտնում են Ազգային ժողովի Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:





