AM
23 Հոկտեմբեր 2012 - 15:31 AMT

Վահե Էնֆիաջյան. Հանրապետությունում տեղի ունեցող գործընթացները սպառնում են մեր երկրի միջազգային հեղինակությանը

«Արդարությունը պետք է գերիշխի ժողովրդավարական, սոցիալական, քաղաքական, իրավական, պետական և մնացած բոլոր համակարգերում»,- նման հայտարարություն է արել ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը: Նա անդրադարձել է նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի գործին: ԲՀԿ խմբակցության պատգամավորի հայտարարության մեջ ասված է. «Անթույլատրելի է, երբ համաշխարհային մամուլը սկսել է բացասական խոսել Հայաստանի մասին, ինչին օրեր առաջ ականատես եղանք Վաշինքգթոն Պոստում`Վարդան Օսկանյանի բոլորիս հայտնի գործի առնչությամբ:

Այն գործընթացները, որոնք տեղի են ունենում մեր երկրում, չեն նպաստում մարդկային և համամարդկային արժեքների ամրապնդմանն ու տարածմանը, ինչը չի վրիպում միջազգային առաջատար վերլուծական ինստիտուտների դիտարկումներից, մասնավորապես «Էքոնոմիստ Ինթելիջանս Յունիթ» բրիտանական ինստիտուտի հետազոտական տվյալների համաձայն, մեր երկիրը ժողովրդավարական ցուցանիշով 167 երկրների շարքում գտնվում է 111-րդ տեղում` դասվելով հիբրիդային պետությունների շարքին, որտեղ մեր հարևաններն են, Նիգերիայի և Բուռունդիայի Հանրապետությունները: Հավելեմ, որ դասակարգման սանդղակում` Հայաստանից ընդամենը 3 աստիճան ներքև, սկսվում է աֆտորիտար երկրների ցանկը: Սա ցուցանիշ է, որն արդեն մեծ վտանգ է ներկայացնում մեր երկրի զարգացմանն ու ժողովրդավարացմանը: Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցող գործընթացները, որոնք հիմք են հանդիսանում վերը նշված վերլուծությունների և հրապարակումների, սպառնում են մեր երկրի միջազգային հեղինակությանը»:

Ըստ Վահե Էնֆիաջյանի՝ անհրաժեշտ է օր առաջ ձեռնամուխ լինել արդարության մթնոլորտի ստեղծմանը, որով հիմք կդնենք արտագաղթի կրճատման, քաղաքացիական ազատ հասարակության ձևավորմանն ու իրական ժողովրդավարական չափանիշներով առաջնորդվող պետականաշինությանը: