ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը հայտարարել է, որ ՀՅԴ-ի համար նախագահական ընտրություններին մասնակցելն ինքնանպատակ չէ: Ըստ երևույթին, Դաշնակցությունը պատրաստվում է նախագահական ընտրություններում «միասնական շտաբ-2» օպերացիային, որը հասունանում է խորհրդարանական ընտրությունների օրինակով: Այդ մասին գրում է «Ժամանակ» թերթը։
«Այսինքն՝մեծ է հավանականությունը, որ նախագահական ընտրություններին ՀՅԴ-ն կրկին կմիանա Կոնգրեսի և «Բարգավաճ Հայաստանի» տանդեմին: Համենայնդեպս, Դաշնակցությունը ներկայումս, ըստ ամենայնի, փորձում է ապահովել նման զարգացման, այսպես ասած, հանրային կարծիքի նախադրյալները, այսինքն' նախապատրաստել այդ կարծիքը նման ձևաչափին միանալու համար:
Սա, իհարկե, ՀՅԴ-ի համար ռացիոնալ որոշում կլինի, քանի որ կուսակցությունը, ինչպես նախկին բոլոր ընտրություններում, այսօր էլ ըստ էության չունի հայաստանյան քաղաքական կյանքում նման մակարդակներում լուրջ պայքար մղելու ռեսուրսներ, իսկ կուսակցության լիդերները, այսպես ասած, ինքնածրագրավորված են զանազան կոմպրոմիսների, քան ներքաղաքական կոշտ պայքարի:
Պետք չէ բացառել նաև, որ ՀՅԴ-ն ԲՀԿ-ին է ակնարկում հնարավոր սատարման մասին, եթե Բարգավաճը հանդես գա սեփական թեկնածուով: Այսինքն՝ ՀՅԴ-ն ոչ թե պայմանավորվում է նրանց հետ, այլ, պարզապես, դեռ նոր է փորձում ձևավորել քննարկումների, այսպես ասած, առևտրի դաշտ: Մեկ այլ տարբերակ է այն, որ ՀՅԴ-ն նման հայտարարություններով, ամենայն հավանականությամբ, ոչ միայն հանրային կարծիքն է փորձում նախապատրաստել կամ մեսիջ հղել ԲՀԿ-ին, այլ միգուցե նաև աշխատում է Սերժ Սարգսյանի կարծիքի ուղղությամբ: Այսինքն՝ Դաշնակցությունը Սերժ Սարգսյանին էլ միգուցե ակնարկում է, որ կարող է և չմասնակցել ընտրություններին, բայց այն իմաստով, որ կարող է նաև ընդհանրապես չմիանալ որևէ ֆորմատի, այդ թվում՝ Կոնգրես-ԲՀԿ հնարավոր տանդեմին:
Այսպիսով, ՀՅԴ-ն փաստորեն իրեն հանում է քաղաքական շուկա, այսպես ասած, «ազատ խաղացողի» կարգավիճակով: Սա կարող է պայմանավորված լինել նաև նրանով, որ նախագահական ընտրություններում առանձնակի լուրջ մտադրություններ չունի Ռոբերտ Քոչարյանը, ում ծիրում է վերջին տարիներին սովորաբար գործել ՀՅԴ-ն:
Այսինքն՝ Քոչարյանը միգուցե ազատ է թողել ՀՅԴ-ին, և Դաշնակցությունը ներկայումս փորձում է գտնել նախագահական ընտրություններին թեկուզ չմասնակցելով՝ մասնակցելու հարմար կոնֆիգուրացիա»,- գրում է «Ժամանակ»-ը։





