AM
24 Հոկտեմբեր 2012 - 10:07 AMT

Առողջապահությունը նախ ինքը պիտի առողջ լինի

«Բժշկական ազատ անկախ արհմիություն» ֆեյսբուքյան խմբում միավորված բուժաշխատողներն, արտահայտում են իրենց խորին մտահոգությունը` առողջապահության ոլորտում տեղ գտած մի շարք բացասական երևույթների կապակցությամբ, որոնք առաջացրել են համընդհանուր անվստահության ու անպաշտպանվածության մթնոլորտ թե հիվանդների, և թե բուժաշխատողների մոտ: Նրանք բաց նամակ են հղել հասարակությանն ու իշխանություններին:

«Առողջապահությունը նախ ինքը պիտի առողջ լինի: Ներկայումս գործող ՀՀ բնակչության բուժօգնության մասին օրենքը, իր անորոշ ձևակերպումներով, արդյունավետ չի կանոնակարգում բուժօգնության համակարգը, չի արտահայտում ո՛չ բուժօգնությունն իրականացնողի, ո՛չ էլ բուժօգնություն ստացողի, հետևաբար ոչ էլ պետության շահերը: Առողջությունը չի լինում ընդդիմադիր կամ իշխանամետ, այն համամարդկային արժեք է բոլորի համար:

Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը հայտարարել է առողջապահությունը որպես առաջնահերթություն, և հայտարարել է նպատակային թիրախ` հստակ մրցակցային առավելություն համաշխարհային և տարածաշրջանային շուկաներում: Միգուցե նաև տիեզերական, ով գիտե: Բայց մեզ առավել հետաքրքրում է մեր ժողովրդին մատուցվող ծառայությունների որակը, ու այդ ծառայությունները մատուցողների վիճակը:

Բոլորը պետք է հասկանան, որ ժողովուրդ – բժիշկ – իշխանություն հարաբերության մեջ բժիշկը միշտ ժողովրդի հետ է և' իր գործով, և կյանքում: Անթույլատրելի է այլ նպատակներով սեպ խրել ժողովրդի և բժշկի միջև` բժիշկներին դարձնելովքավության նոխազներ: Զուտ բժշկական պարտականություններից բացի, այսօր բժշկի ֆունկցիային ավելացել են բժշկական և սոցիալական ոլորտների կառավարման թերությունները ծածկելը` բժշկի սեփական նյարդերի և լրացուցիչանվճար աշխատանքի հաշվին: Այդ ավելացումների մեջ են նաև ազատազրկման դատապարտվելը որպես քավության նոխազ, և երբեմն հիվանդի և հիվանդատերերի կոպտությունն ու բռնությունը անխոս տանելը: Հարգելինե՛րս, այդքան շատմատնացույց արվող Հիպոկրատի երդման մեջ նման կետեր չկան:

Մեր կոչը և համագործակցության առաջարկ է բոլոր շահագրգիռ անձանց, և հստակ գիտակցում, որ այսպես այլևս չի կարելի:

Եթե պետության բյուջեն չի կարող ամբողջ առողջապահական ծախսը վերցնել իր վրա և անխուսափելի են համավճարներն ու վճարները, պետք է ընդունել նաև, որ շատ մարդկանց բյուջեն նույնպես չի թույլատրում նման ծախսեր, և միայն ճարահատյալ են դիմում հիվանդանոց: Արդյունքում մենք չենք կարող ունենալ ժամանակակից բժշկություն, մեր բժշկությունը էքստրեմալ բժշկություն է` պայքար խորացված հիվանդությունների, ծայրահեղ վիճակների հետ: Մենք ռեալիստ ենք ու համընդհանուր գործազրկության պայմաններում չենք հուսում համընդհանուր ապահովագրություն»:

Ողջ հայտարարությանը կարելի է ծանոթանալ ստորև գտնվող հղումով: