Այսօր Հայաստանի գերխնդիրը սիրիահայերի կյանքի փրկությունն է: Այդ մասին այսօր Երևանում կայացած մամլո ասուլիսում ասաց Արտակարգ և լիազոր դեսպան, նախկին փոխարտգործնախարար Արման Նավասարդյանը:
Հայրենադարձության և սիրիահայերին աջակցման նախաձեռնող խմբի անդամն ընդգծեց, որ կարևոր են նաև Սիրիայում բնակվող հայկական սփյուռքի մյուս խնդիրները, բայց առաջնայինը կյանք փրկելն է:
Նախաձեռնող խմբի անդամ, հրապարակախոս Կարինե Հակոբյանը տեղեկացրեց, որ խումբը պատրաստվում է պահանջներ ներկայացնել ՀՀ իշխանություններին: «Նախ և առաջ մենք պահանջում ենք, որպեսզի պետական քաղաքականության լծակներն ուղղվեն սիրիահայերի աջակցությանը, ստեղծվեն անվճար իրավաբանական աջակցության գրասենյակներ: Դրա հետ մեկտեղ պետք է փոխվի հարկային քաղաքականությունը, Հայաստանում վերաբնակեցված սիրիահայերի ձեռնարկատիրության հանդեպ հարկերն առաջին երկու-երեք տարիներին պետք է ընդհանրապես վերացվեն: Բացի այդ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա մարաթոնն այս տարի պետք է ստացված ողջ հասույթն ուղղի սիրիահայերի աջակցությանը: Վերջերս որոշվեց, որ այդ նպատակին կուղղվի հանգանակվելիք միջոցների 10 տոկոսը, բայց դա բավական չէ, պետք է ուղղել բոլոր միջոցները»,- նշեց նա` հավելելով, որ այդ ամենի հետ մեկտեղ կարևոր է, որպեսզի սիրիահայերի հայրենադարձությանը հոգեբանորեն տրամադրվի Հայաստանի բնակչությունը:
Հեռուստալրագրող Մարգարիտ Թախտաջյանը, որը նույնպես Հայրենադարձության և սիրիահայերին աջակցման նախաձեռնող խմբի անդամ է, իր հերթին հավելեց, որ այսօր սիրիահայերի հայրենադարձությունն ամենաառաջին խնդիրն է, որ ծառացած է Հայաստանի ղեկավարության առջև և որը հրատապ լուծում է պահանջում:





