AM
25 Հոկտեմբեր 2012 - 05:38 AMT

«Ժողովուրդ». Կգնա՞ Սերգո Կարապետյանը Վազգեն Խաչիկյանի հետևից

«Ժողովուրդ»-ը գրում է, որ երեկ ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը փորձում էր ամեն գնով մեղմել Գեղարքունիքի մարզում հայտնաբերված սիբիրախտի իրական ծավալները: Պատասխանելով ՀՀԿ-ական պատգամավոր Տաճատ Վարդապետյանի հարցին, թե ինչ քայլեր է ձեռնարկում ՀՀ կառավարությունը ընտանի կենդանիների և մարդկանց՝ սիբիրախտով վարակվելու դեպքերի կապակցությամբ, ՕԵԿ-ական Կարապետյանը շտապել է հանգստացնել, թե որևէ վտանգ չկա.

«Սիբիրախտն այդքան սարսափելի չէ և չունի ծանր հետևանքներ: Հիվանդների մոտ հիվանդության մաշկային տեսակն է: 6-7 մարդ սիբիրախտի ախտորոշմամբ դիմել են բժշկական օգնության: Այժմ նրանց դուրս են գրել, և նրանք բուժումը շարունակում են տանը»:

«Մինչդեռ ՀՀ առողջապահության պաշտոնական կայքից «Ժողովուրդ»-ը տեղեկանում է, որ հոկտեմբերի 23-ի տվյալներով՝ սիբիրյան խոց ախտորոշմամբ հոսպիտալացված է 15 հիվանդ:

Փաստորեն, գյուղնախարարը կա՛մ անտեղյակ է (ինչն անթույլատրելի է), կա՛մ երեկ որոշել էր ստել ու մոլորության մեջ գցել ողջ խորհրդարանին: Ի դեպ, ՀՀ քրեական օրենսգրքի 278-րդ հոդվածը պատիժ է նախատեսում մարդկանց կյանքի կամ առողջության համար վտանգավոր հանգամանքների վերաբերյալ տեղեկություն թաքցնելու համար՝ ընդհուպ մինչև ազատազրկում: Պաշտոնական դիրքը չարաշահելու եղանակով տեղեկություններ թաքցնելը կամ աղավաղելը պատժվում է ազատազրկմամբ' 2-6 տարի ժամկետով: Կգնա՞ Ս. Կարապետյանը Վազգեն Խաչիկյանի հետևից «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ»,-գրում է թերթը: