Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի փաստաբան Ժորա Վարոսյանը երեկ հայտարարել է, որ կենսաթոշակային ոլորտում խոշոր չարաշահումների և յուրացումների գործով նախնական կալանքի տակ գտնվող Վազգեն Խաչիկյանն իրեն մեղավոր չի ճանաչում, միաժամանակ, իր կալանավորման մեջ քաղաքական ենթատեքստ չի տեսնում։ Այդ մասին գրում է «Ժամանակ»-ը։
ՀՀԿ ներկայացուցիչ Վազգեն Խաչիկյանը ձերբակալվել է այս տարվա սեպտեմբերի 28-ից, մեղադրվում է պաշտոնեական կեղծիքի, խարդախության և խոշոր չափերով յուրացումների մեջ: Խոսքը կազմակերպված խմբով պետական բյուջեից 240 միլիոն 680 հազար 984 դրամ (ավելի քան 600 հազար դոլար) հափշտակելու և յուրացնելու մասին է: Մեղադրանքը հաստատվելու դեպքում Խաչիկյանին սպառնում է 4-8 տարվա ազատազրկում:
Կենսաթոշակային ոլորտում խոշոր չարաշահումների և յուրացումների գործով, Վազգեն Խաչիկյանից բացի, մեղադրվում են ևս չորս տասնյակ անձինք:
Ըստ պաշտոնական տեղեկությունների` այս հանցագործությամբ պետությանը, ընդհանուր առմամբ, պատճառվել է 327 միլիոն 441 հազար 206 դրամի վնաս:
Հանրապետական Վազգեն Խաչիկյանի պաշտոնավարման շրջանում կենսաթոշակային ոլորտում յուրացման, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու փաստերի առթիվ քրեական գործ հարուցված էր դեռ անցյալ տարվա մայիսից: Նախաքննությունը շարունակվում է արդեն շուրջ մեկուկես տարի: Բայց Խաչիկյանը ձերբակալվեց մեկ ամիս առաջ` կառավարությունում նախխագահ Սերժ Սարգսյանի անցկացրած հայտնի խորհրդակցությունից հետո»,- գրում է թերթը։





