AM
26 Հոկտեմբեր 2012 - 08:33 AMT

Զորավարժության ժամանակ փորձարկված նոր ՀՕՊ համակարգերն արդեն գործողության մեջ են

«Պաշտպանության Բանակը համալրված է, որևէ զենքի, զինամթերքի, համազգեստի, ուտելիքի կարիք չունենք»,- ասաց ՊԲ հրամանատար Մովսես Հակոբյանը մարտական հերթապահություն իրականացնող զորամասում երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

«Հակառակորդն անընդհատ փորձում է իրավիճակը լարված պահել, ամեն գնով հայ զինվորին վնասել՝ իր զինվորի, քաղաքացիների բարոյահոգեբանական վիճակը բարձրացնելու, ավելի բարենպաստ դիրքեր զբաղեցնելու նպատակով: Բայց հայ զիվորը գիտի, որ եթե հենց սահմանին չհաղթեց, թշնամին կգնա, կհասի իր տուն», – ասաց ՊԲ հրամանատարը:

Նրա տվյալներով անցած տարի հրադադարի ռեժիմը հակառակորդը խախտել է 9519 անգամ, որից ՊԲ-ը պատասխան կրակ է բացել 645-ի դեպքում: Այս տարի՝ արդեն 12.189 անգամ, ՊԲ-ը պատասխան կրակ բացել է 755-ի դեպքում:

Պատասխանելով PanARMENIAN.Net-ի թղթակցի հարցին՝ ՊԲ հրամանատարն ասաց, որ հակառակորդի զինամթերքի ձեռքբերումներին ուշադիր հետևում ու համապատասխան միջոցներ են ձեռնարկվում, որ ուժերի հարաբերակցությունը պահպանվի:

«Եթե հակառակորդը զգա, որ փոքր-ինչ առավելություն ունի, հաջորդ օրն իսկ կհարձակվի», – ասաց հրամատարը: Նրա խոսքով ՀՀ ՊՆ հետ համատեղ զորավարժության ժամանակ փորձարկված նոր ՀՕՊ համակարգերն արդեն գործողության մեջ են ու լավ են գնահատվում:

Անդրադառալով զինծառայողների մահվան դեպքերին՝ Մովսես Հակոբյանը նշեց, որ չնայած անցած տարի բանակն ամենաշատը քննադատվեց, բայց իրականում հենց անցած տարի է մահվան դեպքերի նվազագույն թիվը գրանցվել՝ 11:

Ըստ ՊԲ հրամաատարի կարևոր ձեռբերում է այս տարի բանակում մտցված բժշկական ապահովագրության համակարգը, որը հնարավորություն է տալիս զիծառայողներին բարդ, նույնիսկ սրտի վիրահատությունն իրականացնել անվճար:

«Համակարգը դեռ նոր է, խնդիրներ արդեն կան, բայց քայլեր ձեռնարկվում են դրանք շտկելու ուղղությամբ», – ասաց ՊԲ հրամանատարը: