AM
26 Հոկտեմբեր 2012 - 09:15 AMT

2 տարվա ազատազրկում` շահումով խաղերի ապարատների ապօրինի շահագործման համար

Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը հիմնավորված է համարել շահումով խաղերի ապարատների շահագործմամբ ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու համար Գ. Բաբախանյանին առաջադրված մեղադրանքը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ Գլխավոր դատախազությունից:

Դատարանում հետազոտված և հիմնավոր համարված ապացույցների համաձայն` 2009թ. հոկտեմբեր ամսից մինչև 2010թ. մարտ ամիսն ընկած ժամանակահատվածում Գ. Բաբախանյանը, խախտելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի պահանջները, առանց հատուկ թույլտվության իրականացրել է լիցենզավորման ենթակա ձեռնարկատիրական գործունեություն: Մասնավորապես` Երևան, Աշտարակ քաղաքներում և Արագածոտնի մարզի Կարբի գյուղում տեղադրել է ընդհանուր 19 հատ շահումով խաղային ապարատներ և վերոնշյալ ժամանակահատվածում դրանց շահագործմամբ իրականացրել է շահումով խաղերի ձեռնարկատիրական, այսինքն` շահույթ հետապնդող գործունեություն: Արդյունքում` պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի` 3 500 000 դրամի վնաս:

Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը 2012թ. հոկտեմբերի 4-ի դատավճռով Գ. Բաբախանյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և դատապարտել 2 տարվա ազատազրկման` շահումով խաղերի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով 1 տարի ժամկետով: