AM
26 Հոկտեմբեր 2012 - 09:33 AMT

Հանուն իշխանափոխության ՀԱԿ-ը նույնիսկ Քոչարյանի ու Սարգսյանի հետ է պատրաստ համագործակցել

Հայ ազգային կոնգրեսը իշխանություններից օր առաջ ազատվելու համար կհամագործակցի ցանկացածի հետ՝ նույնիսկ իշխանության: ՍԴՀԿ անդամ ՀԱԿ ներկայացուցիչ Գուրգեն Եղիազարյանի բնորոշմամաբ՝ իրենք պատրաստ են համագործակցել նույնիսկ Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի հետ, միայն թե այս վիճակից երկիրը հանեն: «Եկեք, նստենք, որոշենք իրար հետ համախմբվենք երկիրը այս վիճակից դուրս հանենք: ՄԵծ սիրով կհամագործակցնեք Սերժ Սարգսյանին, Ռոբերտ Քոչարյանի հետ»,-ասաց Գուրգեն Եղիազարյանը։

ՀՀԿ-ական պատգամավոր Մանվել Բադեյանի դիտարկմամբ՝ ՀԱԿ-ի առջև դրված միակ խնդիրը իշխանափոխությունն է և իրենք ամեն ինչի ելքը տեսնում են իշխանափոխության մեջ։ «Եվ նույնիսկ դրա համար պատրաստ են համագործակցել սատանայի հետ»,- ասաց Մանվել Բադեյանը: Ըստ Հանրապետական պատգամավորի՝ իշխանափոխության մեկ լեգիտիմ ձև կա և դա ընտություններն են: «Գնացե՛ք, և եթե ձեզ ձայն տան՝ ընտրվեք, բայց գիտեք, որ չեք կարող ընտրվել, քանի որ ձեր «ռեյտինգը» շատ ցածր է»,- նկատեց ՀՀԿ-ական պատգամավորը:

Գուրգեն Եղիազարյանի համոզմամբ էլ՝ «իշխանություններից ազատվելու այլ ձև չկա»: ՀԱԿ ներկայացուցիչն ասաց. «Եթե Սերժ Սարգսյանն ընտրվի թափանցիկ ընտրություններում, շան տղա կլինեմ, թե անձամբ չշնորհավորեմ»: Սակայն Գուրգեն Եղիազարյանը կանխատեսեց, որ իրենք ընտրություններից հետո փողոց են դուրս գալու:

Մանվել Բադեյանը նաև նկատեց, որ ՀԱԿ-ի պարագայում իշխանափոխության միակ ձևը ամբոխավարությունն է: Գուրգեն Եղիազարյանն է հակադարձեց. «Իսկ ձերը՝ կաշառք բաժանելը»: