AM
26 Հոկտեմբեր 2012 - 11:05 AMT

Մարտի 1-ի պատասխանատուների ցանկում Կոնգրեսը հնչեցնում էր անուններ, որոնք այժմ կապ ունեն ԲՀԿ-ի հետ

ԲՀԿ-ի հետ հնարավոր և ցանկալի համագործակցության մասին ՀԱԿ-ը բազմիցս ակնարկել ու հայտնել է՝ ընդհուպ մինչև առաջնորդի մակարդակով: Այսօր Կոնգրեսը խոսում է սոցիալ-տնտեսական ծանր պայմանների մասին, բայց պատրաստակամություն է հայտնում համագործակցել մի ուժի հետ, որը մինչև վերջերս իշխանության մի մասն էր: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀԱԿ անդամ Գուրգեն Եղիազարյանն այդպես էլ չտվեց այն հարցի բուն պատասխանը, թե ԲՀԿ-ի հետ համագործակցության ցանկություն հայտնելով՝ իրենք ԲՀԿ-ին պատասխանատու չե՞ն համարում ստեղծված իրավիճակի համար: «Տո դուք էլ եք պատասխանատու, ԲՀԿ-ն էլ, Սերժ Սարգսյանն էլ»,- ասաց Գուրգեն Եղիազարյանը:

ՀԱԿ-ից ամենահաճախ բարձրաձայնվող թեմաներից մեկի՝ մարտի 1-ի պատասխանատուների ցանկում Կոնգրեսը հնչեցնում էր անուններ, որոնք այժմ կապ ունեն ԲՀԿ-ի հետ: «Մարտի 1-ին Հայաստանում տեղի ունեցավ ռազմական հեղաշրջում, երբ ստորաբար մեր երեխաներից կազմված բանակը մտցրեցին Երևան, 10 հոգու գնդակահարեցին, 182-ը վիրավորվեցին: Ցանակացածը՝ ԲՀԿ կլինի, ՀՀԿ կլինի, պետք է պատասխան տա»,- նկատեց ՀԱԿ ներկայացուցիչը: Այնուամենայնիվ, նա մնում է այն կարծիքին, որ պետք է համագործակցել ցանկացածի հետ՝ միայն, թե իշխանափոխություն լինի: