Սարիթաղի բնակիչները տեղյակ չեն գիպսատար կավերի շահագործվող հանքավայրի ընդլայնման ծրագրերի մասին: Այդ մասին այսօր Երևանում կայացած մամլո ասուլիսում նշեց «Էկոլուր» ՀԿ նախագահ, բնապահպան Ինգա Զառաֆյանը: Նրա խոսքով`բնակիչներն անգամ տեղյակ չեն եղել այդ առիթով հուլիսի 17-ին կազմակերպված հանրային քննարկման մասին, ուստի «տարօրինակ չէ, որ քննարկմանը, բացի պատկան մարմիններից, մասնակցել է ընդամենը 10 հոգի»: «Միայն այս տարի` հոկտեմբերի 1-ի դրությամբ, Հայաստանում 29 հանքի շահագործման լիցենզիա է հանձնվել, և արդյունքում միայն «Գաջեգործ» ՓԲԸ-ն, որը 2008 թվականից շահագործում է գաջի գործարանը, արդեն 3 լիցենզիա (2012թ. հունվարի 1-ից` թույլտվություն) ունի և պատրաստվում է հանքը շահագործել բաց եղանակով: Իսկ դա մայրաքաղաքի ներսում գտնվող հանքի պարագայում ուղղակի անթույլատրելի է. առանց այդ էլ Երևանի օդը աղտոտված է, իսկ բաց եղանակով հանքի շահագործման դեպքում հասցվելիք վնասը արդեն չափից ավելի կլինի»,- ասաց նա:
Այս առնչությամբ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական փորձագիտության ՊՈԱԿ տնօրենի տեղակալ Հենրիկ Գրիգորյանը հայտնեց, որ հանքը շահագործվում է, սակայն ընդլայնումը դեռևս տեղի չի ունեցել, քանի որ բնապահպանության նախարարության եզրակացությունը դեռևս ընթացքի մեջ է: «Հանքի ընդլայնման և բաց եղանակով շահագործման առնչությամբ իրենց դրական եզրակացությունն են տվել ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների, ինչպես նաև Արտակարգ իրավիճակների նախարարությունները, մինչդեռ բնապահպանության նախարարության տված եզրակացությունը վերջնական չէ»,- ասաց նա` հավելելով, որ հանքը բաց եղանակով շահագործելու նախագծի շուրջ հանրային քննարկում է ծրագրված նոյեմբերի 2-ին` ժամը 14:00-ին, Ջրվեժ գյուղում:
Հանքը զբաղեցնում է 4.7 հա տարածք, իսկ լցակույտերի տարածքը ավտոճանապարհների հետ միասին 5.6հա է: Տեղամասը կապված է N 1 գաջի գործարանի հետ շուրջ 2 կմ երկրարությամբ ասֆալտապատ ճանապարհով, որը անցնում է Երևան քաղաքի փողոցներով: Ընդ որում, տեղամասը գտնվում է սեյսմիկ անկայուն գոտում: Զառաֆյանը նշեց նաև, որ նախագծում նշված մոտակա բնակավայրերն են Ջրվեժ, Ողջաբերդ և Շոռաղբյուր գյուղերը, որոնք գտնվում են տեղամասից 2-6 կմ հեռավորության վրա, իսկ Սարիթաղը, որի վրա անմիջականորեն ազդելու է հանքը, նախագծում նշված չէ: «Ընդ որում, «Գաջեգործ» ՓԲԸ-ն վարձակալել է բացհանքի և լցակույտերի համար նախատեսված 10,3 հա տարածքը և վարձակալման պայմանագրի համաձայն, վճարելու է յուրաքանչյուր հեկտարի համար տարեկան ընդամենը 30 հազար դրամ: Իսկ հանքավայրի ռեկուլտիվացիայի համար անհրաժեշտ ծախսերը, ըստ փաստաթղթի, կազմելու են 269 հազար դրամ 1 հեկտար տարածքի համար: Զարմանալի է, որ շրջակա միջավայրի վրա ազդեցության կապակցությամբ նախագծում նշված է. «Հանքարդյունահանման աշխատանքների ժամանակ շրջակա միջավայրին լուրջ վնաս չի սպասվում: Աղտոտված օդի զգալի արտանետումները շրջակա միջավայրին մեծ վնաս չեն հասցնում, աղտոտված ջրերի արտահոսքեր չկան, տարածքի բուսական և կենդանական աշխարհին նշանակալի վնաս չի պատճառվում»:





