Արցախի անկախության ճանաչման նախաձեռնող խումբն այսօր տարածել է հաղորդագրություն, որով կոչ է անում պայքարել Ադրբեջանի մարդասպան մեքենայի դեմ: Ինչպես մամուլի ասուլիսում նշեց նախաձեռնող խմբի անդամ, Արցախ գնդի փոխհրամանատար Ռոլանդ Բաբայանը, հաղորդագրությունը կցվում է սեպտեմբերի 12-ի` հայությանն ուղղված դիմումին, որով կոչ էր արվում ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը: «Այս հաղորդագրությամբ ներկայացվում են դիմումին արձագանքած մի շարք անհատ վերլուծաբանների և հետազոտական կենտրոնների ընդհանրական նկատառումները: Հաղորդագրության մեջ մենք Ադրբեջանն անվանում ենք Կասպից Արևմուտք և վերլուծում վերջինիս վարած քաղաքականությունը հատկապես վերջին իրադարձություններից հետո` կապված Սաֆարովի գործի հետ: Ակնհայտ է, որ Սաֆարովի արտահանձնման վերաբերյալ անգամ միջազգային հանրության քննադատությունն ու այս արարքի դատապարտումը չազդեցին Ադրբեջանի վարած քաղաքականության վրա: Կասպից Արևմուտքում միջազգային նշանակության ինչ-ինչ խնդիրների լուծման նպատակով, որոնց հնարավոր գնահատականն առայժմ բաց ենք թողնում, ձևավորվում է զանգվածային սպանության մեքենա, որը որոշ զարգացումների պարագայում կարող է օգտագործվել հայության դեմ, ինչպես դա եղավ 1915, 1918-1923, 1988-1994 թվականներին»,- նշեց նա:
Նախաձեռնող խմբի անդամ, Մեծ Տիգրան աշխարհազորային գնդի ռազմական խորհրդի փոխնախագահ Վլադիմիր Առաքելյանն իր հերթին հավելեց, որ այդ հաղորդագրությամբ խումբը, հաշվի առնելով, որ այդ մարդասպան մեքենան սպառնում է առհասարակ տարածաշրջանի բոլոր ժողովուրդներին, դրա գործունեության խափանման և կազմաքանդման նպատակով ենթադրում է «ստեղծված իրավիճակի անընդհատ գնահատում, անհրաժեշտ գործողությունների ծրագրում և իրականացում` տարածաշրջանի բոլոր շահագրգիռ ուժերի և միջազգային պատասխանատու ատյանների մասնակցությամբ, ինչպես նաև հայության հավաքական ներուժի կենտրոնացում և անվտանգության կառույցի ձևավորում»: «Առաջարկվող միջոցները կարևոր են ոչ միայն իբրև հայության անվտանգության երաշխիք, այլև վճռորոշ նշանակություն ունեն տարածաշրջանի մյուս ժողովուրդների համար` դառնալով նրանց անվտանգության համակարգի բաղկացուցիչ մաս»,- եզրափակեց նա:





