Այսօր քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանը ներկայացրել է մայրաքաղաքի ճանապարհաշինական ծրագրերի շրջանակում շարունակվող Լենինգրադյան փողոցը Իսակովի պողոտային կապող ուղղաձիգ արագընթաց ավտոմայրուղու և Կարապետ Ուլնեցու փողոցից Ռուբինյանց փողոց տանող շրջանցիկ նոր ավոտճանապարհի կառուցման ընթացիկ աշխատանքները: Այս մասին PanARMENIAN.Net-ին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Երևանի գլխավոր ճարտարապետը զեկուցել է, որ վարչական շրջանների տարածքներում նոր վերգետնյա անցումների կառուցման վերաբերյալ ներկայացվել է 20 առաջարկություն: 8-ի մասով կատարվել են համապատասխան ուսումնասիրություններ և արտաքին տեսքի նախագծային մշակման աշխատանքներ:
Ապօրինի շինարարության և հողազավթումների կանխման ու վերացման, ինչպես նաև շինարարական օբյեկտների հաստատված նախագծերում և ժամկետներում խախտումներրը բացառելու ուղղությամբ տարվող աշխատանքներին անդրադառնալով` քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետը զեկուցել է, որ նախորդ շաբաթվա ընթացքում կատարված հսկողության արդյունքում արձանագրված խախատումների մասով կազմվել են համապատասխան արձանագրություններ: Գույքագրվել և թարմացվում են մայրաքաղաքում առկա ճանապարհային նշանները:
Տրանսպորտի վարչության պետը զեկուցել է, որ հասարակական տրանսպորտի սպասարկման որակի նկատմամբ շարունակվող ամենօրյա հսկողությանը զուգահեռ ընթանում է Երևանի ներքաղաքային ավտոբուսային կանոնավոր փոխադրումների երթուղիների մրցույթների անցկացումը: Զեկուցվել է նաև, որ մրցույթների արդյունքում նոյեմբերից 123 միկորավտոբուսային երթուղին փոխարինվելու է ավտոբուսայինով:
Հանձնարարել է իրազեկել բնակչությանը մրցույթներից հետո երթուղիների համարների փոփոխության մասին և համապատասխան տեղեկատվությունը հասանելի դարձնել հնարավոր բոլոր միջոցներով:





