AM
30 Հոկտեմբեր 2012 - 06:19 AMT

«Ժողովուրդ». Գործարար Սիլվա Համբարձումյանը չի պատրաստվում ներողություն խնդրել Սերոբ Տեր-Պետրոսյանի կնոջից

Ըստ «Ժողովուրդ» թերթի տեղեկությունների` գործարար Սիլվա Համբարձումյանը

պետք է ներողություն խնդրի Սերոբ Տեր-Պետրոսյանի կնոջից` Մադլեն Թաշճյանից, քանի որ դատարանն է այդպես պարտադրել:

«Մանկապիղծ Սերոբ Տեր-Պետրոսյանի կինը դատական հայց էր ներկայացրել տիկին Սիլվայի դեմ` պահանջելով ներողություն խնդրել այն բանի համար, որ ասուլիսում հայտարարել է, թե Մադլեն Թաշճյանը շատ բան գիտի 1999թ. դեպքերի վերաբերյալ և կհրապարակի, եթե ամուսնու նկատմամբ խիստ պատիժ կիրառեն»,-գրում է թերթը:

Սիլվա Համբարձումայնը «Ժողովուրդ»-ին փոխանցել է, որ ներողություն խնդրելու մտադրություն չունի: «Իմ այդ հայտարարությունը կապ չունի հոկտեմբերի 27-ի դեպքերի հետ: Այդ 1999 թիվը, որ ասել եմ, կապված է Սերոբ Տեր-Պետրոսյանի` հանք ստանալու հետ»,- պարզաբանել է նա` հավելելով, որ փաստաբանի միջոցով փորձել է հանդիպել Մադլեն Թաշճյանի հետ և հարթել իրավիճակը, սակայն իր` քաղաքից բացակայելու պատճառով հանդիպում չի եղել: «Ոնց կա, թող այդպես էլ մնա, ես որևէ խնդիր չունեմ»,- ընդգծել է Համբարձումյանը: