AM
30 Հոկտեմբեր 2012 - 06:58 AMT

Ինչու՞ են պարեկապահակետային ծառայության աշխատակիցները ճանապարհային ոստիկանի գործառույթ կատարում. Ոստիկանության պարզաբանումը

ՀՀ Ոստիկանությունից մեկնաբանում են, թե ինչու են պարեկապահակետային ծառայության աշխատակիցները ճանապարհային ոստիկանի գործառույթ կատարում մայրաքաղաքի Հյուսիսային պողոտայում:

«Հայտնում ենք, որ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակետային ծառայության ոստիկանության գնդի 3-րդ (հատուկ) գումարտակի ծառայողներն իսկապես ծառայություն են կատարում Հյուսիսային պողոտայում և նրանց պարտականությունների մեջ մտնում է հասարակական կարգի պահպանումը , հանցագործությունների կանխումն ու նախականխումը, ինչպես և այդ տարածքում անցկացվող տարաբնույթ միջոցառումների անվտանգության ապահովումը:

Քանի որ Հյուսիսային պողոտան մարդաշատ վայր է, որտեղ գտնվում են բազմաթիվ զվարճանքի կենտրոններ, առևտրի կետեր, բացօթյա սրճարաններ և այլն, ծառայությունն իրականացվում է շուրջօրյա:

Հավելենք, որ պարեկապահակետային երթուղին անհրաժեշտության դեպքում միջամտում է արգելված վայրերում ավտոմեքենաների կայանմանը, քանի որ դրանք խոչընդոտում են հետիոտնի ազատ տեղաշարժին, և մեքենաները տեղափոխվում են: Իսկ իրավախախտ վարորդներին չհայտնաբերելու դեպքում հրավիրվում է ճանապարհայիև ոստիկանության վերակարգ, որն արձանագրում է ճանապարհային երթևեկության կանոնների խախտումը և հետագայում տրանսպորտային միջոցի տիրոջը ծանուցում իր կատարած խախտման վերաբերյալ:

Ինչ վերաբերում է որոշ մեքենայատերերի նկատմամբ խտրական վերաբերմունքի մասին ահազանգին, ապա ոստիկանության պետի հանձնարարությամբ Հյուսիսային պողոտայում կատարվող ծառայությունը օպերտիվ տեսադաշտ է վերցվել, և կարգազանցները խստագույնս կպատժվեն»,-ասված է ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ: