Դատեցեք ինքներդ:
ՀՀ ԿԳ-ն ԲՈՀ-ի կանոնադրության 27 կետում սևով սպիտակի վրա գրված է. ՙԵթե առանց սկզբնաղբյուրներ նշելու այլ հեղինակներից օգտագործված է որոշակի դրույթներ և նյութեր, խորհուրդը բաց քվեարկությամբ, ձայների պարզ մեծամաս¬նությամբ, ատենախոսությունը հանում է պաշտա¬նությունից` առանց նոր պաշտ¬պանության իրավունքի՚: Ասել է թե, գրագողությունը դատապարտելի արարք է և դրա դեմ առաջինը պետք է պայքարի բարձրագույն որակավորման հանձնաժողովը: Սակայն մեզ մոտ, կատարվում է ճիշտ հակառակը և ԲՈՀ-ի նախագահը գործադրում է իշխանությունների բոլոր հնարավորությունները և պաշտպանում գրագողությունը:
Չորրորդ տարին է ինչ բացահայտել եմ, ԵՊՀ կենդաբանանության ամբիոնի դասախոս Էդուարդ Եղիազարյանի գրագողության խայտառակ փաստերը: Այդ մասին տարբեր ատյաններ եմ ուղարկել 20-ից ավելի դիմում բողոքներ, հրատարակել եմ բազմաթիվ հոդվածներ և ԲՈՀ-ի նախագահից խնդրել եմ ստեղծել չեզոք, անաչառ հանձնաժողով, ջրի երես հանել Է.Եղիազարյանի կողմից կատարված գրագո¬ղութ¬յունները և պատժել մեղավորներին: Սակայն ԲՈՀ-ի նախագահը հարցի քննարկումը հատուկ սցենարով վստահում է 035 և 036 չարաբաստիկ խորհուրդների նախագահ ակադեմիկոս Ս.Մովսիսյանին և գիտական քարտուղար Հ.Խաչատրյանին, որտեղ կատարվել է այդ խայտառակ պաշտպանությունը: Եվ ահա ՀՀ նախագահին ուղղված իմ դիմում բողոքի հիման վրա 13.09.12 ԲՈՀ-ի նախագահը կազմակերպում է հերթական ծածկադմփոցը, մասնակից դարձնելով գրեթե 30 մարդկանց, որոնց գերակշիռ մասը ոչ մի դերակատարություն չունեին այս հարցում: Պասիվ դիտորդի դերում էր նաև ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության խորհրդատու Վահրամ Աբրահամյանը: Ես իմ ելույթում կրկնեցի գրագողությունը ապացուցող բազմաթիվ փաստերի մասին և պահանջեցի գնահատական տալ այդ խայտառակ գրագողությանը: Եղան նաև ելույթներ, որոնք հաստատեցին մեր կողմից ներկայացված փաստերը: Ս.Կուզմինի ՙЗемноводные бывшего СССР՚ գրքից գրագողը բառա¬ցիորեն արտագրել է յոթ տեսակի երկկենցաղների մասին գրված հետևյալ նյութերը` տեսակների ուսումնասիրման պատմությունը, դիտողություններ կարգաբա¬նության մասին, ձևաբանությունը, ենթատեսակները և փոփոխականությունը, ապրելատեղերը և խտությունը, ջերմակենսաբանությունը և ակտիվության փուլերը, բազմացումը, զարգացումը, սննդառությունը, բնական թշնամիները մակաբուծությունը և հիվանդությունները, մարդածին գործոնների ազդեցությունը և տեղեկատվական աղբյուրները (վերջինը ներկայացված է հավել¬վածում 303-307 էջեր): Այս նշված բաժիններում, որը կազմում է առնվազն 62 էջ գրագողը ընդհանրապես ոչ մի հղում չի կատարել: Մինչդեռ խորհրդի եզրակա¬ցութ¬յունում նշված է, որ Է.Եղիազարյանը Ս.Կուզմինի գրքին 25 հղում է կատարել: Սա բացահայտ կեղծիքի փորձ է և արժանի է պարսավանքի, քանի որ այդ հղումները գրագողը տեղափոխել է Ս.Կուզմինի նշված գրքի գրականության ցանկից: Գրագողը ընդամենը յոթ հղում է կատարել Ս.Կուզմինի գրքի կարիոլոգիա մասի վրա, որը յոթ տեսակի համար կազմում է 14 տող:
Այնուամենայնիվ խորհուրդը փաստերի ճնշման տակ ստիպված էր արձանագրել, որ Է.Եղիազարյանի ատենախոսությունում Ս.Կուզմինի գրքից արտագրված նյութերը ներկայացված են 31-59 և 62-91 էջերում: Այսինքն խորհուրդը փաստում է, որ 57 էջ արտագրված է Ս.Կուզմինի գրքից: Եթե գրագողությունը փաստող ուրիշ օրինակներ չլինեն, ապա այսքանն էլ բավական է գրագողին զրկելու կոչումներից և գիտական աստիճաններից: Սակայն այստեղ խորհրդի նախագահը և քարտուղարը փորձելով արդարացնել գրագողությունը ավելացնում են. ՙՍ.Կուզմինի գրքից արտագրված նյութերը ընդգրկված չեն որպես գիտական նորույթ՚: Այդ դեպքում օրինական հարց է առաջանում, ինչու է գրագողը արտագրել ուրիշների աշխատանքը: Ես օգնեմ պատասխանել այդ հարցին: Գրագողը չունենալով սեփական նյութեր, ատենախոսության պահանջվող էջերը լրացնելու համար արտագրել է Ս.Կուզմինի գիրքը: Գրագողը արտագրել է նաև Ս.Կուզմինի գրքի գրականության ցանկի գերակշռող մասը 230-291 էջերը: Առանց հաշվի առնելու գրականության ցանկը արտագրելու բազմաթիվ փաստերը, խորհրդի նախագահը և քարտուղարը անտրամաբանական հայտարարություն են անում` ՙքանի որ Ս.Կուզմինի գրքի գրականության ցանկը կազմում է 930 հեղինակ, իսկ Է.Եղիազարյանի ատենախոսությունը 696, ապա գրականության ցանկը չի կարող արտագրված լինել՚: Բացատրեմ, թե ինչու գրագողը չէր կարող չարտագրել նշված գրքի նաև գրականության ցանկը: Եթե Է. Եղիազարյանի ցիտած գրականության ցանկը կազմում էր ընդամենը 120 անուն գրականություն, որը նույնությամբ ներկայացնելու դեպքում կարող էր ծիծաղ առաջացնել, դե նա էլ ուրիշի հաշվին ՙհարստացրել՚ է իր գրականության ցանկը: Որպես իմ ասածի հիմնավորում ես կարող եմ բերել հեղինակների հարյուրավոր անուններ, որոնց վրա գրագողը ոչ մի հղում չի կատարել, սակայն ներկայացված են գրականության ցանկում: Օրինակ, գրագողը իմ աշխատանքների վրա ոչ մի հղում չի կատարել, սակայն գրականության ցանկում հայտնվել են իմ անունով հինգ հոդվածներ, որոնք գրագողը տեղափոխել է Ս.Կուզմինի գրքից:
Գրագողը արտագրել է նաև իմ և Ա.Հայրապետյանի ՙБиология размножения масисской популяции зеленой жебы՚ հոդվածը, որը զետեղված է գրագողի ատենախոսության 51-57 էջերում և եզրակացություններում (222-223): Գրագողը խարդախ ճանապարհով իմ ստորագրությունը դրել է մեր նշված հոդվածի տակ և այն տառացիորեն արտագրել առանց որևէ հղում կատարելու: Համահեղինակ Ա.Հայրա¬պետյանը գրել է, որ ինքը չի ճանաչում Է.Եղիազարյանին: Չարաբաստիկ խորհուրդը, որտեղ կատարվել է այդ խայտառակ պաշտպանությունը և գրագողը իմ դիմում-բողոքներին տրված պատասխաններում գրում են, որ Է.Եղիազարյանի աշխատանքին բարձր գնահատական են տվել ԵՊՀ Կենսաբանության ֆակուլտետի գրեթե բոլոր ամբիոնները, երեք ընդդիմախոսները, ԱՊՀ բարձրաստիճան գիտնականները և բազմաթիվ մասնավոր գիտնականներ: Ես կրկնում եմ. բոլոր նրանք, որոնք դրական կարծիք են տվել այդ շինծու աշխատանքին և շարունակում են պաշտպանել գրագո¬ղությունը արժանի են ամոթանքի և մեղսակից են կատարված հանցագործությանը: Միթե դուք չգիտեք, որ գիտության համար կարևորը ոչ թե հեղինակություններն են, այլ փաստերը: Փաստերի ճնշման տակ շատերն են գլուխ խոնարհել: Փաստերը խոսում են ԲՈՀ-ի խորհուրդներում կատարվող խայտառակությունների մասին: Հատկապես հազար ամոթ ԲՈՀ-ի 036, 035 գիտական խորհրդի նախագահ Ս.Մովսիսյանին և քարտուղար Հ.Խաչատրյանին, որոնք չորս տարվա ընթացքում ամեն կերպ փորձում են փաստերն աղավաղելու միջոցով թաքցնել կատարված խայտառակ պաշտպանությունը: Եթե ԲՈՀ-ի նախագահը իրոք ցանկանում է բացահայտել այդ խայտառակ գրագողությունը և պատժել մեղավորներին, ես խնդրում են ԲՈՀ-ի փորձագետներից երկու հոգի ինձ հետ միասին կողք կողքի դնել Ս.Կուզմինի գիրքը և Է.Եղիազարյանի ատենախոսությունը ջրի երես հանել բոլոր գրագողությունները և հետո պատժել մեղավորներին, իսկ գրագողին զրկել գիտական կոչումներից:





