«168 ժամ» օրաթերթն իր այսօրվա համարում անդրադարձել է Հայաստանի հուշարձանների տարածքում ամերիկյան «AMAP» ընկերության`Հայկական հուշարձանների ճանաչման ծրագրով 2008-ից տեղադրված տեղեկատվական բազմալեզու վահանակներին, որոնք, ըստ մասնագետների, խեղաթյուրում են մեր պատմությունը, մշակույթը։ Թերթը գրում է. «Մեկ տարուց ավելի՝ այս մասին մասնագետներն ահազանգում են ՀՀ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին։ Վերջինիս անտարբերությունը՝ քայլեր չձեռնարկելը, զարմացնում է բոլորին։
Օրինակ, Հաղպատի մոտ տեղադրված վահանակի վրա Սայաթ-Նովայի մասին գրված է. «Բանաստեղծություններ և երգեր գրելու, ինչպես նաև քամանչա նվագելու շնորհիվ նա ճանաչում է ձեռք բերում վրաց Հեռակլ (կոշտ ռ–ով է գրված.–հեղ) Բ թագավորի արքունիքում, ուր նա դիվանագիտական աշխատանքի էր ընդունվել որպես պալատական օգնելու համաձայնագրեր կնքել երեք մրցակից թագավորություններին Հայաստանի, Ադրբեջանի (Ալբանիա) և Վրաստանի միջև»։ Այսինքն՝ Հայաստանում տեղադրված բազմալեզու տեղեկատվական վահանակի վրա զբոսաշրջիկներին Ադրբեջանը որպես թագավորություն է ներկայացվում, այն դեպքում, երբ ըստ պատմաբանների այդ ժամանակ Ադրբեջան առհասարակ գոյություն չուներ։ «Այդ վահանակները հակահայկական, հակապետական միտվածություն ունեն, որի անտեսումն անթույլատրելի է։ Սա կարելի է համարել պետական հանցագործություն, քանի որ միտումնավոր աղավաղվում է պատմությունը։ Կան շատ պաշտոնյաներ, որոնք իրենց տեղում չեն։ Նրանք մեր մշակույթի, հայագիտության ոչ թե զինվորներն են, այլ թշնամիները։ էս 3-4 տարվա ընթացքում դրսում բնակվող իմ ընկերները զարմացած զանգում–հարցնում են՝ այ մարդ, էդ ի՞նչ բան է կատարվում ձեզ մոտ, էս ինչե՞ր են գրում»,– թերթի հետ զրույցում ասել է Մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց թանգարանների և պատմական միջավայրերի պահպանության ծառայության» Աղբյուրագիտության և խմբագրության բաժնի վարիչ, հայագետ Արգամ Այվազյանը։





