«Մեկ ազգ կազմակերպությունների» դաշինքի համանախագահ Գոռ Թամազյանը ահազանգում է սատանիստների դեմ:
Այսօր մամուլի ասուլիսում նա նշեց, որ Facebook-ն այսօր դարձել է սատանիստների օրրան, որտեղ համարձակվում են վիրավորել ու զրպարտել Հայ Առաքելական եկեղեցուն: «Խոսքը, մասնավորապես, Բայանդուր Պողոսյանի մասին է, ով ինքն է հայտարարել, որ սատանիստ է, և նFacebook-ում ստեղծել է «Anti «Մեկ ազգ» կազմակերպությունների դաշինք» էջը, որի միջոցով էլ ընդհանուր և անձնական վիրավորանքներ է հղում ինձ և մեր դաշինքի հասցեին, վարկաբեկում Հայ Առաքելական եկեղեցին: Մենք ընդունում ենք քննադատություն, բայց վիրավորանք, զրպարտանք` երբեք: Նա, ով նման գործունեությամբ է զբաղվում, առնվազն ինչ-որ մեկի պատվերն է կատարում»,- նշեց նա` հավելելով, որ «Մեկ ազգ կազմակերպությունների» դաշինքը պահանջելու է, որպեսզի Բայանդուրը և նրա համախոհները, ովքեր նույնպես գործունեություն են ծավալում վերոնշյալ խմբում, դաշինքից և Հայ Առաքելական եկեղեցուց պաշտոնապես ներողություն խնդրեն:
Հայ եկեղեցու համաշխարհային երիտասարդական կազմակերպության հոգևոր պատասխանատու Եղիշե վարդապետ Ավետիսյանն իր հերթին ասաց, որ այն, ինչն ապազգային է, պետք է մերժվի` լինի դա սատանիզմ, թե որևէ աղանդ:
«Եկեղեցին միայն հոգևորականություն չէ, եկեղեցին բոլորս ենք, և միահամուռ ուժերով պետք է պայքարենք նման ապազգային և հակաքրիստոնեական գործունեություն ծավալողների դեմ:
Հայ Առաքելական եկեղեցու համաշխարհային երիտասարդական կազմակերպության կենտրոնական գրասենյակի տնօրեն Գևորգ Մկրտչյանը շեշտեց, որ դատապարտում է «անհատների կամ միգուցե նաև ուղղորդված կառույցների կողմից համացանցում տարածվող քարոզչությունը»: «Մենք կոչ ենք անում նման մարդկանց սթափվել և չվտանգել հայ ազգը: Դա համընդհանուր խնդիր է, որի դեմը պետք է առնենք բոլոր հնարավոր խաղաղ միջոցներով»,- ասաց նա:





