AM
1 Նոյեմբեր 2012 - 08:27 AMT

Նաիրա Զոհրաբյան. 2013-ի բյուջեն անգամ գոյատևման բյուջե չէ

2013-ի բյուջեի վերաբերյալ «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության դիրքորոշումը բացասական է:«Այս բյուջեն անգամ գոյատևման բյուջե չէ»,- PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում 2013-ի բյուջեին նման գնահատական տվեց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:

«Ամեն օր ասում են, որ սա սոցիալական բյուջե է, բայց որքան պեղեցինք այդ բյուջեն, չտեսանք որևէ ռեալ հիմնավորում, որ Հայաստանի քաղաքացիների սոցիալական ստատուսը գոնե պահպանվելու է, եթե ոչ նվազելու : Շատ լավատեսական գնահատական տալու դեպքում այն կարելի է անվանել սողալու բյուջե: Այսինքն, այս բյուջեով այն հարյուր-հազարավոր քաղաքացիները, ովքեր ապրում են ծայրահեղ աղքատության մեջ, ուղղակի կարողանալու են սողալով մի կերպ պահպանել իրենց գոյությունը»,- ընդգծեց Նաիրա Զոհրաբյանը:

Ինչպես Կառավարությունն է ներկայացնում, 2013 թ. բյուջեի նախագիծը կառուցված է երեք հիմնական սկզբունքների վրա՝ տնտեսական մրցունակության ապահովում, մարդկային կապիտալի զարգացում և արդյունավետ ինստիտուտների առկայություն:

Կառավարությունը թիրախավորել է չորս նպատակներ՝ տնտեսական աճի պահպանում և հստակ մեջոցառումներ տնտեսական դիվերսիֆիկացիայի համար, սոցիալական քաղաքականություն՝ արմատական փոփոխություններով, գործարար և ներդրումային միջավայրի բարելավում, մակրոտնտեսական կայունության ապահովում: Ծախսեր բաշխվել են հետևյալ տրամաբանությամբ՝ 84,7 տոկոսն ուղղվել է հինգ ոլորտների. սոցիալականին՝ 41,8 տոկոս, պաշտպանությանը՝ 21.1 տոկոս, տնտեսության ճյուղերին՝ 11,1 տոկոս, պետական պարտքի սպասարկմանը՝ 4,6 տոկոս, համայնքների բյուջեներին՝ 3,1 տոկոս: